Կոպա Ամերիկա. Բրազիլիան ու Կոլումբիան չպարզեցին հաղթողին 🎥
Ամերիկայի գավաթի D խմբի երրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականները։
«Պենտակամպիոնները» խմբում հաղթելու համար պետք է առավելության հասնեին «լոս կաֆետերոսի» նկատմամբ, սակայն գրանցվեց 1:1 հաշիվը։
Դորիվալ Ժունիորի գլխավորած հավաքանից հաշիվը 12-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, իսկ կոլումբացիների պատասխան գոլը 45+2-րդ րոպեին խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» եզրային պաշտպան Դանիել Մունյոսը։
Նշենք, որ հանդիպման հերոսներիս դարձավ բրազիլացիների դարպասապահ Ալիսոն Բեկերը, որը կատարեց 5 սեյվ։
Կոլումբիայի հավաքականը շարունակում է մնալ անպարտելի։ Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմն արդեն 26 խաղ է չի ճաշակում պարտության դառնությունը։ «Լոս կաֆետերոսը» վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում զիջելով Արգենտինային (0:1)։
D խմբի մյուս խաղում գրանցվել է հետևյալ արդյունքը.
Կոստա Ռիկա 2:1 Պարագվայ
Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Կոլումբիա – 7 միավոր
- Բրազիլիա – 5
- Կոստա Ռիկա – 4
- Պարագվայ – 0
Այսպիսով, Կոլումբիայի ու Բրազիլիայի հավաքականները պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Կոստա Ռիկան ու Պարագվայն ավարտեցին մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Բրազիլիայի հավաքական, Դանիել Մունյոս, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Նեստոր Լորենցո, Ռաֆինյա-Լիդս