Կոնտեն մեկնաբանել է Մեսսիի՝ Ինտեր հավանական տեղափոխության լուրը
Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում, մասնավորապես՝ «Ինտերի» կազմում։
Բանն այն է, որ Լեո Մեսսին վերջին շրջանում շատ դժգոհ է «Բարսելոնայում» կատարվող իրադարձություններից և բազմիցս ակնարկել է, որ, հնարավոր է, հեռանա ակումբից, քանի որ հոգնել է մշտապես կրկնվող վատ արդյունքներից և կարծես թե վատ հարաբերություններ ունի ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ, ինչից էլ փորձում է օգտվել «Ինտերի» ղեկավարությունը։
Եվ ահա, «ներաձուրիների» գլխավոր մարիզչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է արգենտինացի ֆուտբոլիստի՝ միլանյան ակումբ հավանական տեղափոխության լուրերը․
«Մեսսիի «Ինտեր» տեղափոխության լուրերը իրապես կեղծիք են։ Մի հավատացե՛ք այդ կեղծ լուրերին։
Նա չի տեղափոխվի «Ինտեր» նույնիսկ fantasy թիմի մարզաշապիկով»,- նշել է իտալացի մարզիչը, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք նաև, որ վերջերս հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, իր բիզնեսը տեղափոխում է Միլան, քանի որ դժգոհ է Իսպանիայի հարկային օրենսգրքից։
# Անտոնիո-Կոնտե, Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, տրանսֆերներ