Կոլո Մուանի. «Շնորհակալ եմ Այնտրախտին, սակայն թույլ տվեք` տեղափոխվեմ ՊՍԺ»

Կոլո Մուանի. «Շնորհակալ եմ Այնտրախտին, սակայն թույլ տվեք` տեղափոխվեմ ՊՍԺ»

30/08/2023 - 11:54

«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին ապագան շարունակում է անորոշ մնալ։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն կողմերը գործարքի հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։

Ֆրանսիացի հարձակվողը բացառիկ հարցազրույց է տվել Sky Sports Deutschland-ին` խնդրելով «Այնտրախտին» վաճառել իրեն փարիզյան ակումբին.

«Ես շատ հարցերում պարտական եմ «Այնտրախտին»։ Ակումբի երկրպագուները միշտ տեղ ունեն իմ սրտում։

Միշտ փորձել եմ ինձ պահել պրոֆեսիոնալի պես, սակայն արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Պարսի Սեն-Ժերմենն» իմ տրանսֆերի դիմաց ռեկորդային առաջարկ է կատարել, ինչն ինձ համար մեծ հնարավորություն է։

Ես ցանկանում եմ տեղափոխվել «Փարիզ», ինչի մասին տեղեկացրել եմ նաև ակումբի ղեկավարությանը։

Հուսով եմ` «Այնտրախտը» կհամաձայնի վաճառել ինձ։

Շնորհակալ եմ «Այնտրախտին», սակայն թույլ տվեք` տեղափոխվեմ ՊՍԺ»,- նշել է ֆրանսիացի հարձակվողը։

Նշենք` նույն աղբյուրը հաստատում է, որ փարզիյան ակումբը Կոլո-Մուանիի տրանսֆերի դիմաց «արծիվներին» առաջարկել է 70+10 մլն եվրո։

Այդուհանդերձ, «Այնտրախտը» ՊՍԺ-ին տեղեկացրել է, որ 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ 80 մլն եվրոյից ավելի գումար և փարիզյան ակումբի հարձակվող Յուգո Էկիտիկեի տրանսֆերային իրավունքները, ում «արծիվները» դիտարկում են որպես Կոլո Մուանիի փոխարինող։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և ակումբները վստահ են, որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը կհասցնեն ավարտին հասցնել այս գործարքը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրային էլ հայտնի է դարձել, որ Կոլո Մուանին մինչև 2028 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ, ըստ որի, նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7 մլն եվրո։

Ստեղծված իրավիճակի մասին ամենաթարմ տեղեկությունը հայտնել է L’Equipe-ը։

Ֆրանսիական ամենահեղինակավոր պարբերականը նշում է, որ օգոստոսի 29-ին ՊՍԺ-ն Կոլո Մուանիի դիմաց «արծիվներին» առաջարկել է 65 մլն եվրո և Յուգո Էկիտիկեի տրանսֆերային իրավունքները։

Այժմ կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են։

Հավելենք, որ եթե այս գործարքը կայանա, այն դառնալու է «Այնտրախտի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և կգերազանցի Լուկա Յովիչի ռեկորդը, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» 2019 թ. ամռանն «արծիվներին» վճարել է 63 մլն եվրո։

Ավելացնենք, որ Ռանդալ Կոլո Մուանին «Այնտրախտի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 50 խաղում դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023