ԿԼ. Ֆիորենտինան 9 ֆուտբոլիստով անհավանական պայքարում հաղթահարեց Պուշկաշ Ակադեմիայի արգելքը 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպում ավարտվել էր 3:3 հաշվով։
Պատասխան խաղում նույնպես հաղթող չեղավ. կողմերը գրանցեցին 1:1 հաշիվը։
59-րդ րոպեին «մանուշակներին» առաջ մղեց Մոյզե Կինը։ Թվում էր, Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու խաղարկությունների եզրափակիչի մասնակիցը կհաղթի ու կշարունակի պայքարը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէր Ժոլդ Հորնյակի գլխավորած թիմը։
90+4-րդ րոպեին «Ֆիորենտինայի» պաշտպան Լուկա Ռանիերին հեռացվեց դաշտից, իսկ տանտերերի օգտին նշանակվեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ Ժոլտ Նադը և հաշիվը դարձրեց 1:1։
Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ 97-րդ րոպեին «Ֆիորենտինան» մնաց արդեն 9 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ 19-ամյա պաշտպան Պիետրո Կոմուցոն։
Ստանալով երկու ֆուտբոլիստի քանակական առավելություն` «Պուշկաշ Ակադեմիան» լրացուցիչ ժամանակի ամբողջ ընթացքում մեծ ճնշում որ գործադրում «Ֆիորենտինայի» դարպասի ուղղությամբ։ Միայն լրացուցիչ ժամանակում հյուրերի դարպասապահ Դավիդ դե Խեան կատարեց 5 սեյվ։
Չնայած այդ առավելությանը` հունգարական թիմը չկարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որտեղ հաղթեցին «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստները` 5:4։
Այսպիսով, Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ հաղթահարեց «Պուշկաշ Ակադեմիայի» արգելքն ու հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հիշեցնենք, որ մրցաշարի որակավորման երրորդ փուլում ընդհանուր դիմակայությունում «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել էր Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Պուշկաշ Արենա, Ֆիորենտինա