ԿԼ. Ֆանտաստիկ գոլերը չօգնեցին. Արարատ-Արմենիան լքեց պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» դրսում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմայության առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։
Պատասխան հանդիպումն անցավ անհավանական պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Հաշիվը 8-րդ րոպեին բացեց մրցակցի պաշտպան Ժոլտ Նադը, որին հայկական ակումբը նախքան ընդմիջում 40-րդ ու 44-րդ րոպեներին պատասխանեց Արթուր Սերոբյանի ու Հովհաննես Հարությունյանի ֆանտաստիկ գոլերով։
47-րդ րոպեին Նադը դարձավ դուբլի հեղինակ, հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ դիմակայությունում առաջ մղեց «Պուշկաշ Ակադեմիային»։
62-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» հայտնվեց ծանր իրավիճակում. կարմիր քարտ ստացավ քենիացի կիսապաշտպան Ամոս Նոնդին։
Հայաստանի գավաթակիրն իր մեջ ուժ գտավ և 85-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեի հեռահար հարվածով խփած հիասքանչ գոլի շնորհիվ կրկին հավասարեցրեց դիմակայության հաշիվը։
Թվում էր` հանդիպումը շարունակվելու է լրացուցիչ ժամանակում, սակայն քանակական առավելություն ունեցող հունգարական թիմը 90+4-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել դիմայությունում. տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ ուկրաինացի Արտյոմ Ֆավորովը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ պայքարում դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի պայքարից։ «Պուշկաշ Ակադեմիան» որակավորման փլեյ-օֆֆ փուլում է, որտեղ մրցելու է իտալական անվանի ակումբ «Ֆիորենտինայի» դեմ։