Կլոպի մղձավանջին վերջ չկա․ Ռոբերտսոնը նույնպես վնասվածք է ստացել
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության B դիվիզիոնի շրջանակում Սլովակիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Շոտլանդիայի ընտրանուն։
Բրիտանական հավաքականի կազմում այդ հանդիպումը բաց է թողել «Լիվերպուլի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։
Ինչպես տեղեկացնում է Not the Old Firm-ը, օրեր առաջ Եվրո-2020-ի անցումային խաղերի շրջանակում Սերբիայի դեմ կայացած խաղում 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շոտլանդացի եզրայինը ազդրի հետ կապված խնդիրներ ունի և ստիպված կլինի որոշ ժամանակ վերականգնողական շրջան անցնել։
Այսպիսով, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զրկվել է իր թիմի հիմնական բոլոր պաշտպաններից։ Վիրջիլ վան Դեյկն ու Ջո Գոմեսը վերջերս են ծանր վնասվածքներ ստացել։ Հոլանդացի պաշտպանը վնասել է ծնկի խաչաձև կապանները, իսկ Գոմեսը՝ ձնկի հյուսվածքները։ Անգլիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղադաշտ վերադառնալ, իսկ Վիրջիլին լավագույն դեպքում խաղալիս կտեսնենք 2021 թվականի մայիսին։
Տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ժոել Մատիպը, Ֆաբինիոն, Տիագո Ալկանտարան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
# Ազգերի լիգա, Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, Էնդրյու Ռոբերտսոն, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Շոտլանդիայի հավաքական, Ջո Գոմես, Վիրջիլ-վան-Դեյկ, Տիագո Ալկանտարա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ֆաբինիո