Կեպա . «ԱՊԼ-ն ամենածանր առաջնությունն է, սակայն ես արագ հարմարվեցի»
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կիսվել է իր` 2018 թ. «Ատլետիկ Բիլբաոյից» «Չելսի» տեղափոխության տպավորություններով.
«Օգոստոսի 8-ին ես պայմանագիր ստորագրեցի, իսկ ամսի 11-ին արդեն Հադերսֆիլդում էի և «Չելսիի» կազմում առաջին հանդիպումն անցկացրի։
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և ես նոր իրականություն տեղափոխվեցի։ Ես թիմակիցներիս գիտեի այնքանով, որքան նրանց տեսել էի հեռուստացույցով։ Խոսքը մեր մեջ, անգլերեն էլ լավ չէի խոսում։
Բարեբախտաբար, թիմում ինձ ջերմ ընդունեցին և բախտս բերեց, որ թիմում շատ իսպանացիներ կային։
Առաջին մրցաշրջանս հաջող անցավ։ Պրեմիեր լիգան, անկասկած, դարպասապահների համար ամենածանր առաջնությունն է, սակայն ես արագ հարմարվեցի։ Մենք վերադարձանք Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթեցինք «Արսենալին» (4:1), իսկ ես սկսեցի հանդես գալ Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում»,- նշել է 26-ամյա դարպասապահը, ում խոսքերը մեջբերում է The Player’s Tribune-ը։
Հիշեցնենք, որ Կեպա Արիսաբալագան 2018 թ. ամռանը 80 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկից» տեղափոխվեց «Չելսի»` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը։
Մինչ այս պահը նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 109 հանդիպում, բաց է թողել 120 գոլ և դարպասը 39 անգամ պահել անառիկ։
Հատկանշական է, որ Կեպան «Չելիսիում» անցկացրած իր առաջին երկու մրցաշրջաններում դիտարկվում էր որպես հիմնական դարպասապահ, սակայն Էդուարդ Մենդիի` «ազվականների» շարքերը համալրելուց հետո իսպանացի ֆուտբոլիստը դարձավ թիմի երկրորդ դարպասապահը։
Նշենք նաև, որ Կեպա Արիսաբալագան թույլ տված կոպիտ սխալների պատճառով բազմիցս ենթարկվել է սուր քննադատությունների և անցնող 2 տարում նրա տրանսֆերային արժեքը 60 մլն եվրոյից նվազել է մինչև 13 մլն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ատլետիկ Բիլբաո, Կեպա Արիսաբալագա, Չելսի, տրանսֆերներ