Կեպան մնաց պահեստայինների նստարանին
«Մանչեսթեր Սիթիի» դեմ կիրակնօրյա հանդիպումը թանկ նստեց «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վրա: Նա զրկվեց շաբաթվա աշխատավարձից (մոտավոր 200 000 ֆունտ) և առաջիկա խաղի հիմնական կազմում իր տեղից: Սարին նրան թողեց պահեստայինների նստարանին առնվազն մեկ խաղ՝ «Տոտենհեմի» դեմ լոնդոնյան դերբիում:
Այսպես, աշխարհի ամենաթանկ դարպասապահը (80 մլն եվրո) դարձավ պահեստային: Բայց միևնույնն է՝ նրանից ստորագրություններ էին խնդրում:
Հիմնական կազմում իհարկե հայտնվեց Ուիլի Կաբալյերոն: Նա մայիսի 9-ից ԱՊԼ-ում չէր խաղացել:
Սարին ամեն ինչ պարզ բացատրեց. «Սա իմ ընտրությունն է: Սա ուղերձ է իմ թիմին: Սա ուղերձ է, որ մենք թիմ ենք, ոչ թե 25 առանձին խաղացողներ»:
Նախօրեին Սարին հասկացրել էր, որ Կեպայի հանդեպ պատժամիջոցները երկարատև չեն լինի՝ հայտարարելով. «Նա ներողություն խնդրեց անձնակազմից և թիմակիցներից: Նա մեծ սխալ թույլ տվեց, բայց մենք չենք ուզում նրան սպանել»:
«Չելսին» հաղթեց «Տոտենհեմին» (2:0) և գնդակ բաց չթողեց, բայց խաղից հետո Սարին հասկացրեց, որ Կաբալյերոյի հիմնական կազմում հայտնվելը երկար չի տևելու:
«Կեպան մնում է իմ առաջին ընտրությունը»,- ասել է Սարին: