Կարմիր քարտերի երեկո. Բարսելոնան չկարողացավ կոտրել Խետաֆեի դիմադրությունը🎥
Իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։
«Բլաուգրանան» հանդիպման ողջ ընթացքում ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Նշենք, որ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրատոն երեք կարմիր քարտ ցույց տվեց։
Նախ 42-րդ րոպեին մրցակցին արմունկով հարվածելու համար դաշտից հեռացվեց կատալոնական ակումբի վինգեր Ռաֆինիան, ապա 57-րդ րոպեին «Խետաֆեի» հարձակվող Խայմե Մատան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման պատճառով երկրորդ դեղին քարտը ստացավ ու նույնպես լքեց խաղաշտը։
70-րդ րոպեին «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին, դժգոհելով մրցավարի կայացրած որոշումից, նույնպես կարմիր քարտ ստացավ։
Ամեն դեպքում, այս խաղում կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին։
Այսպիսով, երկու ակումբներն էլ նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խայմե Մատա, Խավի, Խետաֆե, Ռաֆինյա-Լիդս, Սեսար Սոտո Գրադո