Կապառոս․ «Քաջ գիտակցում ենք, որ պետք է ուրախություն պարգևենք մեր հայրենակիցներին»
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ՝ հոկտեմբերի 10-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հարցազրույցը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Հարցեր Հենրիխ Մխիթարյանին
-Հենրիխ, ի՞նչ տպավորություն է թողել Ձեզ վրա արդեն երկրորդ անգամ ազգային հավաքական հրավիրված Վահան Բիչախչյանը։
-Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում և կարող եմ ասել, որ շատ լավ տպավորություն է թողել։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է, հույս ունեմ, որ իր վրա շատ կաշխատի և կկարողանա բարձր մակարդակով հանդես գալ։ Երևում է, որ շատ բանի է ունակ, ու նաև սովորելու ցանկություն ունի։ Մի քանի անգամ խոսել եմ նրա հետ ու ասել նրան, որ կանգ չառնի այնտեղ, որտեղ հասել է։
-Ըստ Ձեզ՝ ինչու՞ վերջին տարիներին հավաքականին միացող երիտասարդ ֆուտբոլիստներից գրեթե ոչ ոքի չի հաջողվում ամրապնդվել ազգային թիմում։
-Բարդ հարց է, ես դրա պատասխանը չեմ կարող տալ։ Ավելի ճիշտ է՝ նրանք խոսեն այն մասին։ Մենք փորձում ենք օգնել ցանկացած երիտասարդ ֆուտբոլիստի, ով միանում է մեզ, քանի որ ազգային հավաքականը մի ընտանիք է։
-Հավաքականում Ձեր անցկացրած վերջին խաղի համեմատ տասը նոր ֆուտբոլիստներ կան ընտրանու կազմում։ Ըստ Ձեզ՝ դա այն թարմացո՞ւմն էր, որը անհրաժեշտ էր ազգային թիմին։
-Կարծում եմ՝ մարզիչն ավելի լավ գիտի այդ հարցի պատասխանը։ Մարզիչն է հետևել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են այս պահին օգնել ազգային հավաքականին։ Կարծում եմ, որ բոլոր ներկաները փորձելու են իրենց ներդրումն ունենալ մոտակա երկու խաղերի ժամանակ։ Բոլորս էլ գիտակցում ենք այս երկու խաղերի կարևորությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք հաղթել։
-Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այս մի քանի օրերի ընթացքում՝ ինչ մարզվում եք Խոակին Կապառոսի գլխավորությամբ։
-Շատ բան եմ հասցրել սովորել պարոն Կապառոսից։ Շատ լավ մասնագետ է, և դա արդեն ապացուցված է։ Շատ հաճելի մարզումներ ենք անցկացնում, շատ եմ սովորում և շատ բան ունեմ սովորելու նրանից։ Կարծում եմ՝ նրա գլխավորությամբ մեր ազգային ընտրանին շատ կկատարելագործվի և մեկ քայլ առաջ կկատարի։
-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր առաջիկա մրցակցին՝ Վրաստանի ազգային հավաքականին։
-Վերլուծել ենք նրանց խաղը, շատ լավ ծանոթ ենք նրանց։ Վերջին մի քանի խաղը նրանք շատ լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել, խաղալ մեր խաղը և հաջողության հասնել։
Հարցեր Խոակին Կապառոսին
-Պարոն Կառապոս, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք հոգեբանորեն պատրաստել ֆուտբոլիստներին այս խաղին, և ինչպե՞ս կազդի նրանց վրա չեզոք դաշտում խաղալը։
-Իհարկե, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մեր ֆուտբոլիստները համախմբված են և քաջ գիտակցում են, որ պետք է ուրախություն պարգևեն մեր բոլոր հայրենակիցներին։
-Այս պահին հավաքականում կա նոմինալ մեկ աջ պատշպան՝ Կամո Հովհաննիսյանը, մինչդեռ հրավիրվել են 6 կենտրոնական կիսապաշտպաններ։ Ո՞րն է դրա պատճառը։
-Սա մեր գործընկերներ լրագրողների կողմից շատ սուբյեկտիվ կարծիք է, և ես համաձայն չեմ դրա հետ։ Արման Հովհաննիսյանը նույնպես կարող է հանդես գալ աջ պաշտպանի դիրքում։ Սերոբ Գրիգորյանն էլ այն երիտասարդն է, ով գնալով ավելի ու ավելի կաճի որպես ֆուտբոլիստ։ Մենք ունենք 4 կենտրոնական կիսապաշտպաններ, Սոլոմոնը նույնպես այդ դիրքում է հանդես գալիս։ Հաշվի առնելով, որ մեզ երկու շատ կարևոր խաղեր են պասվում՝ մենք փորձել ենք ամեն դիրքում առնվազն երկու ֆուտբոլիստ ունենալ։
-ՀՖՖ կայքում և սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ Գևորգ Ղազարյանը չէր մասնակցում մարզմանը ընդհանուր խմբում։ Ի՞նչն է պատճառը։
-Գևորգ Ղազարյանը տվյալ պահին վերականգնողական գործընթացում է և գնալով առաջադիմում է։ Կարծում եմ, որ Էստոնիայի դեմ խաղում կկարողանա օգնել թիմին։
-Որքանո՞վ եք կարևորում այն հանգամանքը, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է հավաքականին։
-Ցանկացած թիմ և ցանկացած ակումբ պետք է առաջատար ունենա, և մեր առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա շատ մեծ խարիզմա ունի և այն ֆուտբոլիստն է, ով միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է խաղընկերներին։
-Ի՞նչ կարծիք ունեք Վրաստանի հավաքականի մասին՝ որպես ձեր առաջիկա մրցակցի։
-Լավ հավաքական է։ Նրանք արդեն մի որոշ ժամանակ միասին են հանդես գալիս։ Նույնիսկ կան ֆուտբոլիստներ, որոնք միևնույն ակումբում են հանդես գալիս։ Այնպես որ, կարծում եմ՝ թիմային խաղը բավական ուժեղ է։
-Բոլոր հավաքականները մեր խմբում անցկացրել են երկուական հանդիպում։ Հանդիպումներից հետո ինչպե՞ս եք գնահատում թիմերի շանսերը այս խմբում։
-Ես նույն մտքին եմ, որն արտահայտեցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ: Այս խմբում հավասար պայքար է ծավալվելու։ Ցանկացած հաջող գործողություն և ցանկացած սխալ կարող է անհավասարակշռություն մտցնել խմբի մեջ։ Այդ պատճառով հարկավոր է առավելագույնս կենտրոնացմամբ և ինտենսիվությամբ խաղալ։
# Խոակին Կապարոս, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Վրաստանի հավաքական