Կապառոս․ «Շնորհակալ եմ տղաներին հիանալի հանդիպման համար»
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Այդ խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ինչի մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։
-Պարոն Կապառոս, ի՞նչ սպասելիքներ ունեք Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա խաղից։
–Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության։
-Վրաստանից միանգամից մեկնելու՞ եք Կիպրոս, թե՞ վերադառնալու եք Երևան, այնուհետև մեկնեք մրցավայր։
-Ժամանակը քիչ է, այստեղից ուղիղ մեկնելու ենք Կիպրոս։
# Ազգերի լիգա, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական