Կանտեն կհեռանա Չելսիից. նա բանակցություններ է վարում իսպանական գրանդի հետ
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա լոնդոնյան ակումբից։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին և դրա երկարաձգման որևէ նախադրյալ չկա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» ֆրանսիացի կիսապաշտպանին ցանկանում են փոխարինել որևէ երիտասարդ ֆուտբոլիստով.
«Միակ տարբերակը, որ Կանտեն կմնա «Չելսիում» այն է, որ գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ցանկանա նրան պահել թիմում, սակայն ներկա պահում ֆուտբոլիստի և ակումբի միջև ֆինանսական համաձայնություն չկա։
Կարևոր է ընդգծել, որ Նգոլո Կանտեն ցանկանում է մնալ «Չելսիում»։ Նա սիրում է Լոնդոնը, ակումբն ու երկրպագուներին և հիանալի հարաբերություններ ունի «ազնվականների» իր թիմակիցների հետ։
Բայց իրականությունն այն է, որ այս պահին կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա։ Ուստի խաղացողին ու ակումբին մոտ կանգնած աղբյուրներն ակնկալում են, որ Կանտեն «Չելսիից» կհեռանա անվճար»,- նշել է Ռոմանոն իր յութուբյան ալիքում։
Ստեղծված իրավիճակում` 31-ամյա ֆուտբոլիստը կողմնորոշվել է, թե որ ակումբի կազմում է ցանկանում շարունակել կարիերան։
Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների` Կանտեի հիմնական նպատակը «Բարսելոնա» տեղափոխվելն է։ Կողմերն արդեն մի քանի շաբաթ է բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան», հնարավոր է, գործարքն ավարտին հասցնի արդեն 2023 թ. հունվարին, սակայն շատ բան կախված է Կանտեի` վիրահատությունից հետո ապաքինման ընթացքից, որը նա ենթարկվել է սույն թվականի հոկտեմբերին։
Բացի դրանից, չնայած այն հանգամանքին, որ Կանտեն «Բարսելոնայի» շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակում, «կապտանռնագույնները» պնդում են, որ նրա աշխատավարձը պետք է ակումբի ներկա ֆինանսական վիճակին համապատասխան լինի։
Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում և վերջին անգամ դաշտ է դուրս եկել սույն թվականի օգոստոսի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Նգոլո Կանտե, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո