Խոակին Կապառոսը և Գևորգ Ղազարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին

Խոակին Կապառոսը և Գևորգ Ղազարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին

15/11/2020 - 13:20

Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, որոնցում նրանք ուրախանում էին Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել այդ խաղին, և կարծո՞ւմ եք՝ սա հոգեբանական առումով կարող է խանգարել Վրաստանին։

Կարծում եմ, որ եղել են նաև երկրպագուներ, ովքեր երկրպագել են Վրաստանի հավաքականին։ Հոգեբանական առումով նման պարտությունից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար միգուցե դժվար լինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։ 

-Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, չի կարողացել միանալ հավաքականին իր ակումբում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Այս պարագայում վաղվա խաղում դուք եք լինելու թիմի առաջատարը։ Պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատու դերը։

-Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։

-Հայաստանի ազգային հավաքականը կարո՞ղ է հաղթել վաղը, և մի քանի օր անց հաղթելով նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն՝ այս խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։

-Այո, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին։

Հավաքականում խաղացել եք մի շարք մարզիչների օրոք: Ի՞նչ փոփոխություններ և նորամուծություններ է իր հետ հավաքական բերել Խոակին Կապառոսը:

-Մարտավարական որոշակի փոփոխություններ կան, մարզումների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։

Պարոն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչ օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյո՞ք նրան կարելի է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանի փոխարինող հարձակման կենտրոնում։

Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։

Վրաստանի և Էստոնիայի դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչ խաղի վերջնամասը: Չբացահայտելով ձեր խաղային ծրագիրը, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:

-Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023