Խավին տվել է իր համաձայնությունը
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով ներկայումս գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը», տվել է իր համաձայնությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է կատալոնական ակումբը։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Խավիեր Ագիլարը։
Վերջին երկու խաղերում «բլաուգրանասը» միավորներ է կորցրել, իսկ «Ռեալը», ընդհակառակաը, հաղթանակներ է տոնել և չեմպիոնական պայքարում 4 միավորով առաջ է պոկվել հավերժ մրցակցից։ Հաղորդվում է, որ կատոլանական ակումբի ղեկավարները կորցրել են Կիկե Սետիենի հանդեպ վստահությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանականություն կա, որ Սետիենին նույնիսկ նախքան առաջնության ավարտը հնարավոր է հեռացնեն աշխատանքից։ Այդ դեպքում մրցաշրջանն ավարտին կհասցնի «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պյեմենտան։ Նշվում է, որ նույնիսկ եթե Սետիենը մրցաշրջանն ավարտին հասցնի «Բարսայի» ղեկի, ապա միևնույնն է, դրա ավարտից հետո նա ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուին հաջողվել է համաձայնության հասնել 40-ամյա Խավիի հետ, ով նոր մրցաշրջանի մեկնարկում արդեն կլինի ակումբի ղեկին։
Հիշեցնենք, որ երբ Էռնեստո Վալվերդեն հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, սույն թվականի հունվարին ակումբի ղեկավարությունը ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել հենց Խավիին, սակայն իսպանացի մասնագետը նշեց, որ դեռևս չի ցանկանում գլխավորել ակումբը։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն