Խավին խոսել է Դեմբելեի մասին` ակնարկելով, որ Բարսելոնայի համբերության բաժակը լցվել է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ակումբի վինգեր Ուսման Դեմբելեի մասին` ակնարկելով, որ «բլաուգրանասի»` ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ համբերության բաժակը լցվել է.
«Կարող եմ միայն ասել, որ մենք ստիպված ենք դժվար որոշում կայացնել։ Ակումբը եկել է այն եզրահանգմանը, որ եթե նա չի երկարաձգում պայմանագիրը, ապա պետք է ելք գտնել այս իրավիճակից։
Մենք երկար ենք սպասել, քանի որ բանակցությունները տևել են 5 ամիս. կա՛մ Դեմբելեն երկարաձգում է պայմանագիրը, կա՛մ «Բարսելոնան» որոշում է կայացնում։
Ես անկեղծ եմ եղել Դեմբելեի հետ, սակայն ստեղծվել է տհաճ ու դժվար իրավիճակ, իսկ ակումբի շահն ամենաառաջնայինն է։
Կա՛մ Դեմբելեն երկարաձգում է պայմանագիրը, կա՛մ «Բարսելոնան» վաճառում է նրան։ Այն տարբերակը, թե ես մինչև Դեմբելեի պայմանագրի ավարտը նրան այլևս չեմ հայտավորելու հանդիպումներին, նույնիսկ չի քննարկվել։
Ուսմանը ցանկանում է մնալ, սակայն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում` չթողնելով մեզ այլընտրանք։
Ինչ վերաբերում է Դեմբելեի գործակալի խոսքերին, ես զարմանում եմ` ինչու է նա ասում, որ Դեմբելեն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, սակայն չի անում դա։
Չեմ ցանկանում անհարգալից լինել ինչ-որ մեկի հանդեպ և մնում եմ այն կարծիքին, որ Դեմբելեն կա՛մ պետք է երկարաձգի պայմանագիրը, կա՛մ էլ ակումբը վաճառում է նրան»,- Խավիի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման բանակցությունները չեն տալիս որևէ արդյունք. Դեմբելեն կատալոնական ակումբից 5 տարվա պայմանագրի դիմաց պահանջում է 200 մլն եվրո աշխատավարձ և 20 մլն եվրո միանվագ գումար պայմանագրի երկարաձգման համար։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի հարձակվողն արդեն մերժել է «կապտանռնագույնների» վերջին առաջարկը և ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ