Լևանդովսկին անհավանական ֆուտբոլ է ցուցադրում․ մի շարք ռեկորդներ Բավարիայի կողմից?
Մյունխենի «Բավարիան» վստահորեն շարժվում է հերթական չեմպոնությանը։ Երեկ՝ մայիսի 30-ին, մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Ֆորտունա Դյուսելդորֆին»։ Ճիշտ է՝ Հանսի Ֆլիկի սաները դեռևս երկու դժվար հանդիպում ունեն անցկացնելու` «Բայերի» և «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ, սակայն մյունխենյան ակումբը, ամենայն հավանականությամբ, կնվաճի հերթական չեմպիոնությունը։
Երեկվա խաղում ամեն ինչ սկսվեց «Ֆորտունայի» պաշտպան Մաթիաս Յորգենսենի ինքնագոլից, այնուհետև աչքի ընկավ Բենջամեն Պավարը, ով առաջնության վերսկսումից հետո արդեն երկրորդ անգամ է աչքի ընկնում և կրկին անկյունայինի խաղարկումից հետո։ Ֆրանսիացի պաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում ավելի շատ գոլի հեղինակ է դարձել, քան «Շտուտգարտում» անցկացրած երեք մրցաշրջաններում։ Ֆրանսիացի պաշտպանի անվան դիմաց ընթացիկ մրցաշրջանում գրանցվել է 4 գոլ և 3 գոլային փոխանցում։
Հանդիպման 29-րդ րոպեից հետո խաղի միակ ինտրիգն այն էր՝ արդյո՞ք հերթական գոլերը խփի Ռոբերտ Լևանդովսկին, թե՞ ոչ, քանի որ եթե լեհ հարձակվողը ևս մեկ անգամ աչքի ընկներ, ապա «Ոսկե խաղակոշիկի» պայքարում կդառնար միանձնյա առաջատար։ Բացի դրանից՝ «Ֆորտունան» ընթացիկ մրցաշրջանում մնացել էր միակ թիմը, որի դարպասը լեհ հարձակվողը չէր գրավել։
Խաղի 43-րդ րոպեին եղավ դա։ «Բավարիան» անհավանական գրոհ ձեռնարկեց։ Լևանդովսկին կրնկով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակում գտնվող Յոզուա Կիմիխին, Կիմիխն իր հերթին գնդակն ուղարկեց Թոմաս Մյուլերին, Մյուլերն էլ Լևանդովսկուն դուրս բերեց դատարկ դարպասի առջև, ով էլ միանաշանակ չվիրպեց նպաստավոր դիրքից։
50-րդ րոպեին լեհ հարձակվողը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Սերժ Գնաբրին աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանայաին հրապարակ, գնդակն ուղարկեց Լևանդովսկուն, ով կրկնով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ դառնալով հերթական գեղեցիկ գոլի հեղինակը։
Այսպիսով, Ռոբերտ Լևանդովսկին 29 գոլով ոչ միայն գլխավորում է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներ ցուցակը, այլև լեհ հարձակվողն այդ ցուցանիշով դարձավ ընթացիկ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարի առաջատար՝ շրջանցելով «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, ով դարձել է 27 գոլի հեղինակ։
Լևանդովսկին վեցերորդ տարին անընդմեջ դառնում է 40+ գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը բոլոր մրցաշարերի շրջանակում 37 խաղում դարձել է 43 գոլի հեղինակ՝ կրկնելով իր լավագույն ցուցանիշը։ 2016/17 մրցաշրջանում 47 խաղում էր նա դարձել նույնքան գոլի հեղինակ։
Երեկ գրանցվել են նաև մի շարք այլ ռեկորդներ
- «Բավարիայի» մրցակիցները Բունդեսլիգայի շրջանակում դարձան 69-րդ ինքնագոլի հեղինակը։ Այդ ցուցանիշը Բունդեսլիգայի շրջանակում հակառեկորդի կրկնությունը է։ Նույնքան անգամ աչքի են ընկել նաև «Բորուսիա Մյունխենգլադբախի» մրցակիցները։
- Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի շրջանակում կայացած 29 խաղում դարձել է 18 գոլային փոխանցման հեղինակ։ Սա ռեկորդ է այն պահից ի վեր, երբ 2004/05 մրցաշրջանից սկսած Բունդեսլիգայում սկսեց կիրառվել վիճակագրական տեխնոլոգիաները։ Մյուլերը եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում լավագույնն է այդ ցուցանիշով։
- «Բավարիան» 29 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 86 անգամ՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը։ Այդ ցուցանիշը ոչ միայն ակումբային ռեկորդ է, այլև ռեկորդային ցուցանիշ է նաև Բունդեսլիգայի շրջանակում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1973/74 մրցաշրջանում, երբ մյունխենյան ակումբը նույնքան խաղում դարձել էր 84 գոլի հեղինակ։
- Հանսի Ֆլիկի գլխավորությամբ մյունխենյան ակումբը մասնակցել է 25 հանդիպման՝ տանելով 22 հաղթանակ։ Այդ ցուցանիշով Ֆլիկը դարձավ 1965 թվականից ի վեր Բունդեսլիգայի պատմության լավագույն մարզիչը, երբ մյունխենյան ակումբը սկսեց հանդես գալ ներքին առաջնությունում։ Այդ ցուցանիշով գերմանացի մարզիչը շրջանցեց Պեպ Գվարդիոլայի ցուցանիշը, ով 25 խաղում տարել էր 21 հաղթանակ։
- Մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում 8 անգամ խոշոր հաշվով հաղթել է մրցակիցներին։ Այդ ցուցանիշով «կարմիրները» լավագույնն են եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող ակումբների շրջանակում։