Բավարիան բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի հետ
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» հետաքրքրված է «Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի ծառայություններով։
Հայտնի է, որ Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է, իսկ «արքայական» ակումբը ցանկանում է երկարաձգել այն՝ կատարելով առաջարկ, որը, սակայն չի գոհացրել 29-ամյա ֆուտբոլիստին, և Վասկեսը չի շտապում կնքել նոր պայամանագիր հարազատ ակումբի հետ։
Վասկեսի որոշման վրա ոչ մի կերպ չի ազդում նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը խաղացողի հետ կապված․ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է իսպանացի ֆուտբոլիստին պահել իր թիմի շարքերում։
Իր հերթին մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Խոսքը Վինիսիուսի և Ռոդրիգո Գոյեսի մասին է, և ակումբի ներսում կարծում են, որ Լուկաս Վասկեսի ներկայությունը դանդաղեցնում է բրազիլացի ֆուտբոլիստների խաղային զարգացումը։
Այս ամենին զուգահեռ, ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Բավարիան», որը բանակցություններ է սկսել Վասկեսի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, սակայն բանակցությունները բավական հաջող են ընթանում և հեռու չեն վերջնական համաձայնության հասնելուց։ Սպասվում է, որ մոտ օրերս իրավիճակը կտրուկ կփոխվի, և Վասկեսը պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։
Ինչպես գիտեք, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ եթե ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է 6 ամիս կամ դրանից քիչ, ապա նա կարող է, առանց իր ակումբին տեղյակ պահելու, բանակցություններ վարել այլ ակումբի հետ և պայմանագիր համաձայնեցնել ու գործող համաձայնագրի ավարտից հետո տեղափոխվել այդ ակումբ՝ որպես ազատ գործակալ։
Հավելենք, որ Լուկաս Վասկեսն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լուկաս Վասկես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ