Լուկակուն ու Իմոբիլեն չեն դադարում գոլեր խփել, Ատալանտան կրկին զարմացնում է?
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 18-րդ տուրը։
Տուրը մեկնարկեց «Բրեշիա» – «Լացիո» հանդիպումով։ Հյուրերը մեծ դժվարությամբ 1։2 հաշվով տարան կամային հաղթանակ։
18-րդ րոպեին տանտերերը Մարիո Բալոտելիի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Սակայն, 40-րդ րոպեին «Բրեշիայի» կիսապաշտպան Անդրեա Չիստանան երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից, իսկ հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց Չիրո Իմոբիլեն։
Երկրորդ խաղակեսում Սիմոնե Ինձզագիի սաները ամբողջությամբ վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն երկար ժամանակ չէին կարողանում հաղթանակ կորզել։ Միայն 90+1-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն հաղթանակ պարգևեց հռոմեական ակումբին։ Իմոբիլեն 19 գնդակով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակը «Լացիոյի» համար դարձավ 9-րդ անընդմեջը, ինչը ակումբային նոր ռեկորդ է։
Ինչպես արդեն նշել էինք, գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Կալյարիին», իսկ խաղի հերոս է դարձել 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։
Կրիշը դարձավ հետ-թրիկի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «բյանկոներիների» կազմում մեկ գնդակ էլ խփեց Գոնսալո Իգուայինը։ Կրիշտիանու Ռոնալդուն 15 խաղում արդեն դարձել է 13 գոլի հեղինակ։
«Յուվետնուսի» հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ինտերը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ։
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լուկակու – Լաուտարո զույգը։ Բելգիացի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ, իսկ արգենտինացին՝ մեկ գոլի հեղինակ։ Ռոմելու Լուկակուն Ա սերիայի դեբյուտային մրցաշրջանում 18 խաղում արդեն դարձել է 14 գոլի հեղինակ։
Ջենարո Գատուզոյի սաների կազմից միակ գնդակը հեղինակեց լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» հերթական փայլուն հաղթանակը տարավ և այժմ ընդամենը 1 միավոր է զիջում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռոմային»։
Ջամպիերո Գասպերինիի սաների զոհն այս անգամ դարձավ «Պարման»։ Բերգամոն ներկայացնող ակումբը 5 անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Յոսիպ Իլիչիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոբին Գոսենսը, Ալեխանդրո Գոմեսը, Ռեմո Ֆրոյլերը։
Տուրը պարտությունով մեկնարկեց «Ռոման» և սրեց 4-րդ հորիզոնականի համար մղվող պայքարը։ Պաուլու Ֆոնսեկայի սաները սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեցին «Տորինոյին»։ Դուբլի հեղինակ դարձավ Անդրեա Բելոտին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից։ Հայ կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։
«Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Չնայած միլանյան ակումբը ստեղծեց բազում գոլային պահեր, այդպես էլ չկարողացավ կոտրել ջենովական ակումբի դիմադրությունը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
«Ռոսոներիների» կազմում կայացավ 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը, ով 55-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, սակայն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։
18-րդ տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Լեչչե» 0։1 «Ուդինեզե»
«Բոլոնիա» 1։1 «Սամպդորիա»
«Ջենովա» 2։1 «Սասուոլո»
ՍՊԱԼ 1։2 «Վերոնա»
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
# Ա-սերիա