Կլոպ․ «Հաշվի առնելով Լիվերպուլի ներկայիս դիրքը՝ անհնար է նվաճել ՉԼ ուղեգիր ԱՊԼ-ի միջոցով»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսին, ով Sport Bild պարբերականի գլխավոր խմբագրի կողմից հրավիրվել էր հարցազրույցն անցկացնելու։
Կլոպը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի վատ մրցելույթների մասին․
«Որպես կանոն՝ մեր մրցակիցները ստիպված չեն լինում մեր դարպասի մոտ մեծ քանակությամբ վտանգավոր գրոհներ իրականացնել, քանի որ մենք՝ ինքներս, թույլ ենք տալիս ահավոր և հիմար սխալներ։
Մյուս կողմից, մենք շատ գոլային պահեր ենք ստեղծում մրցակիցների դարպասի մոտ։ Այս ցուցանիշով մենք ԱՊԼ-ում զիջում ենք միայն «Մանչեսթեր Սիթիին», բայց մենք հեռու ենք նրանցից խփած գոլերի քանակով։ Գոլային պահերի իրացումը լուրջ խնդիր է, ինչի հետ մենք առնչվում ենք ողջ մրցաշրջանի ընթացքում։
Ես ձգտում եմ լավատես լինել, սակայն հաշվի առնելով «Լիվերպուլի» ներկայիս դիրքը՝ անհնար է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր ԱՊԼ-ի միջոցով։
«Տոտենհեմում» կրկին վառ ֆուտբոլ է խաղում Գարեթ Բեյլը․ նրանք նոր թափ են հավքում։ «Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» բոլորից առաջ են անցել, իսկ «Չելսին» վերելք է ապրում։
Այնպես որ, դուրս գալ Չեմպիոնների լիգա ԱՊԼ-ի միջոցով շատ դժվար կլինի, ինչը մենք հասկանում ենք, իսկ ՉԼ-ն, որպես կանոն, հնարավոր չէ հաղթել՝ ունենալով նման քանակությամբ վնասվածքներ մեկ մրցաշրջանում։ Լոթա՛ր, դուք դա գիտեք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Տեղեկացնենք, որ ներկա պահին Պրեմիեր լիգայի շրջանակում մերսիսայդյան ակումբը 29 խաղերից հետո վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա Կլոպի թիմը 1/8 եզրափակչում ընդհանուր 4։0 հաշվով հաղթահարեց «Լայպցիգի» արգելքը՝ ապահովելով իր ներկայությունը մրցաշարի քառորդ եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Լիվերպուլ, Լոթար Մաթեուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ