Լիվերպուլը շարունակում է խայտառակվել 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Որքան էլ զարմանալի է, բայց առաջին կեսում հետնապահների թվում ընթացող «հովեկները» շատ ավելի լավ տպավորություն էին թողնում, որոնց գրոհներն ավելի սուր էին և նպատակային։
Առաջին կեսում իրական գոլային պահեր փչացրին Ջոշ Մաջան, Իվան Կավալեյրուն և երկու անգամ Ադելոմա Լուկմանը։
Ամեն դեպքում, «Ֆուլհեմն» առաջին կեսի վերջնամասում բացեց խաղի հաշիվը։ 45-րդ րոպեին լոնդոնյան ակումբը հարձակման աջ եզրում տուգանային հարվածի իրավունք էր վաստակել, Իվան Կավալեյրուի փոխանցումից հետո մերսիսայդյան ակումբի պաշտպանները հեռացրին գնդակը և այն հայնտվեց Մոհամեդ Սալահի մոտ, ով էլ սեփական տուգանային հրապարակի մատույցներում հապաղեց, ինչից հետո Մարիո Լեմինան խլեց գնդակը և առանց վարանելու հարվածեց՝ գրավելով Ալիսոն Բեկերի դարպասի հեռավոր անկյունը։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից Յուրգեն Կլոպի թիմը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով խուսափել պարտությունից։ «Լիվերպուլը» ողջ երկրորդ կեսի ընթացքում ուներ տարածքային առավելություն, ստեղծեց բազում վտանգավոր պահեր, սակայն որոշ դրվագներում «Ֆուլհեմի» դարպասպահ Ալֆոնս Արեոլան հրաշքներ էր գործում՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից։
Հատկապես հիշատակման է արժանի ֆրանսիացի դարպասապահի փայլուն խաղը, երբ 48-րդ րոպեին փորձեց աչքի ընկնել Դիոգու Ժոտան, սակայն Արեոլան տպավորիչ սեյվով փրկեց «Ֆուլհեմին»։
Ի վերջո, «Լիվերպուլը», ունենալով տարածքային լուրջ առավելություն, չկարողացավ խուսափել պարտությունից։ «Ֆուլհեմը» հաղթեց 1։0 հաշվով։
Այսպիսով, «կարմիրները» Պրեմիեր լիգայի շրջանակում կրում են արդեն 6-րդ անընդմեջ տնային պարտությունը, իսկ ընդհանրապես ներքին առաջնությունում Յուրգեն Կլոպի թիմն անցկացրած վերջին 12 խաղերում կրել է 8 պարտություն՝ այդ ընթացքում տանելով ընդամենը 4 հաղթանակ։
Այս պարտությունից հետո մերսիսայդյան ակումբը մնաց 43 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
«Ֆուլհեմն» էլ վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը՝ փորձելով պահպանել տեղն ուժեղագույնների խմբում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնֆիլդ Ռոուդ, Լիվերպուլ, Մարիո Լեմինա, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ֆուլհեմ