Լիվերը փորձում է ուշքի գալ․ Կլոպի թիմն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Հանդիպումը երկու թիմերն էլ բարձր տեմպով մեկնարկեցին։ Ասել, որ կողմերից մեկն առաջին խաղակեսում ուներ ընդգծված առավելություն, ճիշտ չէ լինի։ «Լիվերպուլը» ցանկանում էր խաղի ղեկն իր ձեռքում պահել, սակայն «գայլերը» մտադիր չէին երկրորդ համարով գործել։
Մերսիսայդյան ակումբի կազմում ամենաակտիվը Սադիո Մանեն էր, ով մի քանի անգամ ձեռքից բաց թողեց իր թիմին հաշվի մեջ առաջ մղելու հնարավորությունը։ Հատկանշական է, որ Յուրգեն Կլոպի սաներին ոչ մի կերպ չէր հաջողվում դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին։
Այնուամենայնիվ, երբ թվում էր, թե կողմերն ընդմիջման կգնան 0։0 հաշվի պայմաններում, առաջին խաղակեսի 45+2-րդ րոպեին «Լիվերպուլը» կտրուկ հակագրոհի անցավ։ Մոհամեդ Սալահն ու Մանեն արագ խաղարկեցին գնդակը, որը հայտնվեց նպաստավոր դիրքում գտնվող Դիոգու Ժոտայի մոտ, ով դիպուկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասը և չտոնեց խփած գոլը, իսկ արդյունավետ փոխանցում նա ստացավ Մանեից։
Երկրորդ խաղակեսում հանդիպման բարձր տեմպը պահպանվեց, սակայն երկար ժամանակ թիմերին չէր հաջողվում անհանգստացնել մրցակցի դարպասապահին․ չկային դիպուկ հարվածներ։
Տարածքային առավելությանը աստիճանաբար տիրեցին Նունու Էսպիրիտու Սանտուի տղաները, որոնք չէին ցանկանում սեփական հարկի տակ առանց վաստակած միավորի կամ միավորներների ավարտել հանդիպումը։
«Կարմիրներն», իրենց հերթին, փորձում էին երկար խաղարկումներով գցել հանդիպման տեմպը և հանգեցնել խաղը հաղթական ավարտի։
Հանդիման 86-րդ րոպեից սկսած՝ հանդիպումը մոտ 12-13 րոպեով կանգ առավ, քանի որ «Վուլվզի» դարպասպապահ Ռուի Պատրիսիուն իր թիմակից Կոնոր Կոուիդի հետ բախման պատճառով ծանր վնասվածք ստացավ և «գայլերի» բուժանձնակազմը երկար ժամանակ օգնություն էր ցույց տալիս պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ի վերջո, 90+10-րդ րոպեին Պատրիսիուի փոխարեն դաշտ մտավ «Վուլվերհեմպտոնի» պահեստային դարպասապահ Ջոն Ռադին։
Այդ դրվագի պատճառով խաղը ձգվեց մոտ 107-րդ րոպե, սակայն «գայլերն» այդպես էլ չկարողացան խուսափել պարտությունից։
Այս հաղթանակից հետո Կլոպի սաները ԱՊԼ-ի շրջանակում 29 հանդիպումներից հետո վաստակեցին 46 միավոր և շրջանցելով «Տոտենհեմին» և «Էվերտոնին»՝ հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։
Հավելենք, որ Յուրգեն Կլոպի թիմը ԱՊԼ-ի շրջանակում, վերջապես, ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը․ ներքի առաջնությունում «կարմիրները» վերջին անգամ հաղթել էին փետրվարի 28-ին, երբ 26-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեցին «Շեֆիլդ Յունայթեդին»։
«Գայլերը» նույնքան հանդիպումներից հետո իրենց ակտիվում ունեն 35 միավոր և գտնվում են 13-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Կոնոր Կոուդի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նունու Էսպիրիտու Սանտու, Ջոն Ռադի, Ռուի Պատրիսիու, Սադիո-Մանե, Վուլվերհեմփթոն