Լինգարդի ծառայություններն առաջարկել են Բարսելոնային
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «բլաուգրանային»։
Աղբյուրի փոխանցմամբ` անգլիացի կիսապաշտպանը կարծում է, որ «Բարսելոնան» խաղաոճով կատարյալ ակումբ է` իր նախկին խաղամակարդակին վերադառնալու համար։
Նշենք, որ Լինգարդը 2023 թ. հուլիսի 1-ից ազատ գործակալ է և մարզավիճակը պահպանելու համար մարզվում է Դուբայում։
Լինգարդի վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որի կազմում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում` անցկացրած 20 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացի ֆուտբոլիստը նախորդ տարվա հոկտեմբերին մոտ էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Էթիֆաք» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ ակումբը հայտացուցակում բավարար տեղ չուներ` նոր լեգեոներ գրանցելու համար։
Ավելի վաղ Footmercato-ն հայտնել էր, որ Լինգարդի ծառայություններն առաջարկվել է նաև «Լիլին» ու ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող այլ ակումբների։
Հիշեցնենք, որ Ջեսի Լինգարդն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթների շնորհիվ, որի մանկապատանեկան դպրոցի սանն է։
Լինգարդը «կարմիր սատանաների» գույները պտպանել է 2001-22 թթ., որի գլխավոր թիմում անցկացրել է 232 հանդիպում` դառնալով 35 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Էթիֆաք, Բարսելոնա, Լիգա-1, Լիլ, Մանչեսթեր Յունայթեդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Ջեյսի Լինգարդ, տրանսֆերներ