Լինգարդը մոտ է նոր ակումբ ունենալուն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հարավային Կորեան ներկայացնող «Սեուլ» ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 31-ամյա ֆուտբոլիստը հարավկորեական ակումբի հետ «2+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել։
Ակնկալվում է, որ կողմերը գործարքն ավարտին կհասցնեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Լինգարդն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։
Անգլիացի ֆուտբոլիստի ապագան անցնող ամիսներին կապվում էր նաև Սաուդյան Արաբիան և Թուրքիան ներկայացնող մի շարք ակումբների հետ։
Նշենք, որ Լինգարդը 2023 թ. հուլիսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Նրա վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որի կազմում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում` 20 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լինգարդն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթների շնորհիվ։ Անգլիացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» սան է, որի գույները պաշտպանել է 2001-22 թ.։
31-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 232 հանդիպում, խփել 35 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։
Լինգարդը 2015-21 թթ. հանդես է եկել նաև Անգլիայի հավաքականի կազմում` անցկացրած 32 խաղում դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Ջեյսի Լինգարդ, Սեուլ, տրանսֆերներ