Լեգենդար Անդրես Ինիեստան կավարտի կարիերան 🎥

Լեգենդար Անդրես Ինիեստան կավարտի կարիերան 🎥

01/10/2024 - 13:00

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Անդրես Ինիեստան կավարտի կարիերան, գրում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի` 40-ամյա ֆուտբոլիստն այդ մասին կհայտարարի հոկտեմբերի 8-ին։ Օրը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ինեստան կարիերայի մեծ մասը հանդես է եկել «8» համարի մարզաշապիկով։

Սոցցանցերում իսպանացի ֆուտբոլիստն արդեն ակնարկել է այդ մասին և տեսանյութ հրապարակել, որտեղ նկարիչը պատին նկարում է Ինիեստայի դիմանկարը։ Այդ դիմանկարում Ինիեստան կրում է «Բարսելոնայի» «8» համարի մարզաշապիկը, որը հիշեցնում է անվերջության նշանը։ Այն մակագրված է հետևյալ կերպ. «Իմ ապագան. 2024 թ. հոկտեմբերի 8»։

Հիշեցնենք, որ Ինիեստան կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում»։ Նա 1996-2018 թթ. եղել է «բլաուգրանայի» համակարգում` ակումբի հիմնական թիմում 674 խաղում դառնալով 57 գոլի ու 135 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում 32 տիտղոս է նվաճել, այդ թվում` 9 անգամ դառնալով Իսպանայի չեմպիոն, 4 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ինիեստան «Բարսելոնայից» հեռանալուց հետո հանդես է եկել ճապոնական «Վիսել Կոբեում» (134 խաղ, 26 գոլ, 25 ասիստ) և Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Էմիրեյթսում» (23 խաղ, 5 գոլ, 1 ասիստ)։

Ինիեստան նաև 14 գոլի ու 30 ասիստի տեղինակ է դարձել Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած 131 խաղում։ Նա «ֆուրիա ռոխայի» կազմում 2010 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ մրցաշարի եզրափակիչում Նիդերլանդների դեմ խաղում (1:0) խփել է իր թիմի հաղթական գոլը։ Ինիեստան 2008 և 2012 թթ. Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023