Լեաուն մերժել է եվրոպական երկու գրանդ ակումբների
«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն մտադիր չէ լքել «ռոսոներիների» շարքերը։
Ինչպես հայտնում է Sempre Milan-ը` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, պորտուգալացի ֆուտբոլիստը մերժել է «Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» առաջարկները, որոնք հետաքրքրված են եղել նրա ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողն այժմ մոտ է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Օր-օրի կողմերի միջև բանակցությունները մոտենում են եզրագծին և, ամենայն հավանականությամբ, շուտով կհասնեն վերջնական համաձայնության։
Սպասվում է, որ պայմանագրի երկաձգման գլխավոր գործոններից մեկը լինելու է «ռոսոներիների»` Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելը։
Միլանյան ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 31 խաղից հետո վաստակել է 56 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցություններում միակ խոչընդոտը տուգանքն է, որը Լեաուն պետք է վճարի 2018 թվականին «Սպորտինգի» հետ գործող պայմանագիրը միակողմանի խզելու պատճառով։
Սպասվում է, որ տուգանքը լինելու է 20 մլն եվրո։
Այդուհանդերձ, կան տեղեկություններ, որ Լեաուն և «Միլանն» արդեն բանավոր համաձայնության են հասել։
Ակնկալվում է, որ կողմերի միջև բանակցությունների կշարունակվեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության «Ինտերի» դեմ կայանալիք կիսաեզրափակիչ դիմակայությունից հետո։
Հավելենք, որ Ռաֆայել Լեաուն «Միլանի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 156 խաղում դառնալով 40 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել Լեաու, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ