Լա լիգան վերսկսված է․ Սևիլիան անչափ ավելի լավ տեսք ուներ?

Լա լիգան վերսկսված է․ Սևիլիան անչափ ավելի լավ տեսք ուներ?

12/06/2020 - 02:17

Իսպանական Լա լիգան կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտ ամսին ընդհատվելուց հետո ավելի քան երեք ամիս անց՝ հունիսի 11-ին, վերջապես վերսկսվեց։

28-րդ տուրի մեկնարկային խաղում «Սևիլիան» անդալուսական հերթական դերբիի շրջանակում «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Բետիսի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։

Խուլիեն Լոպետեգիի սաները ողջ խաղի ընթացքում ունեին ավելի լավ տեսք և հանդիպման հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը՝ ստանալով խաղային առավելություն։

Առաջին խաղակեսում տանտերերը մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին։ Մասնավորապես, հիշատակման են արժանի Լուկաս Օկամպոսի և Ժյուլ Կունդեի դրվագները։ Առաջին դրվագում արգենտինացի հարձակվողի հարվածից հետո «վարունգներին» փրկեց հորիզոնական դարպասաձողը, իսկ Կունդեի հարվածն անցավ մի փոքր շեղությամբ։

Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեին, Մունիր Էլ Հադադին ձախ եզրից գնդակն ուղարկեց դեպի տուգանային հրապարակ, սակայն Լյուկ դե Յոնգի գլխով կատարած հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները։

Խաղակեսի ավարտին աչքի ընկնելու ևս մեկ հնարավորություն ուներ Լուկաս Օկամպոսը, սակայն նրա՝ աջ եզրից կատարած հեռահարվածից հետո Խոել Ռոբլեսը փրկեց իր թիմին։

Չնայած ունեցած լուրջ առավելությանը՝ «Սևիլիան» այդպես էլ չկարողացավ բացել հանդիպման հաշիվը, սակայն այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, Լոպետեգիի սաները հիանալի արեցին երկրորդ խաղակեսում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը՝ «Սևիլիայի» գլխապտույտ գրոհներով։ 54-րդ րոպեին տանտերերը ստացան անկյունային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո «Բեիտիսի» պաշտպան Մարկ Բարտրան կանոնների խախտում թույլ տվեց Լյուկ դե Յոնգի նկատմամբ, իսկ մրցավար Մատեո Լաոսը նշանակեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցած Լուկաս Օկամպոսը որևէ հնարավորություն չտվեց դարպասապահին։

Խփած գնդակից ընդամենը մի քանի րոպե անց՝ 63-րդ րոպեին, «Սևիլիան» աջ եզրում ևս մեկ անկյունային հարվածի իրավունք վաստակեց։ Խուան Խորդանի կատարած փոխանցումից հետո Օկամպոսը կրնկով գնդակը ուղարկեց դարպասային հրապարակում տեղակայված Ֆերնանդոյի ուղղությամբ, ով էլ գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց «Սևիլիայի» առավելությունը։

Այդ գոլից հետո տանտերերը մասամբ նախաձեռնությունը հանձնեցին «Բետիսին», սակայն Խոան Ռուբիի սաները ֆիզիակապես պատրաստ չէին այս խաղին՝ չստեղծելով ոչ մի հետաքրքիր ու վտանգավոր գրոհ։ Խաղի մնացած հատվածում դարպասի գրավում այլևս չարձանագրվեց։

Այսպիսով, Խուլիեն Լոպետեգիի սաներն ավելի լավ ֆունկցիոնալ վիճակում էին մոտեցել խաղին՝ օգտվելով մրցակցի թերացումներից։ «Սևիլան» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր՝ էլ ավելի ամրապնդվելով երրորդ հորիզոնականում, իսկ «Բետիսը» մնաց 33 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023