Լա լիգայի կրքոտ երեկոն 🎥
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում բոլոր 10 հանդիպումներն էլ կայացան միաժամանակ։
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց ոչ մի մարզական խնդիր և մոտիվացիա չհետապնդող «Օսասունայի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում Դիեգո Սիմեոնեի թիմն ուներ տարածքային և խաղային հսկայական առավելություն, ստեղծեց նվազագույնը 4-5 իրական գոլային պահ, սակայն Պամպլոնայից ժամանած հյուրերը դիմացան այդ ճնշմանը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրոր խաղակեսի միջնամասում՝ 59-րդ րոպեին, մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները, ի վերջո, Ստեֆան Սավիչի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։
Նույն պատճառով 68-րդ րոպեին չեղարկվեց արդեն Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի գոլը։
Գրոհեցին «հնդկացիները», սակայն, 76-րդ րոպեին, ինչպես ամրոպ անամպ երկնքում, խաղի հաշիվը բացեցին «Օսասունայի» ֆուտբոլիստները, իսկ գոլի հեղինակ դարձավ Անտե Բուդիմիրը։
Թվում էր՝ «Ատլետիկոն» ցավալի պարտություն է կրելու մրցաշրջանի ամենակարևր հատվածում, սակայն մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներն անհավանական կամք դրսևորեցին՝ կորզելով կամային հաղթանակ։
Նախ 82-րդ րոպեին Ռենան Լոդին հավասարեցրեց հաշիվը, ապա 88-րդ րոպեին Լուիս Սուարեսը խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, «Ատլետիկոն» 2։1 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։
«Ատլետիկոյի» անմիջական հետապնդող «Ռեալ Մադրիդը» Բիլբաոյում հյուր ընկալվել էր «Ատլետիկին»։
Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, մադրիդյան ակումբն ուներ տարածքային առավելություն և գնդակին տիրում էր ժամանակի 63 %, սակայն գրեթե գոլային պահեր չկային։
Առաջին խաղակեսում կողմերը միասին վերցրած կատարեցին ընդամենը 6 հարված, որոնցից և ոչ մեկը դիպում չստացվեցին, իսկ ակումբներն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Զինեդին Զիդանի թիմը մեծացրեց ճնշումը և 68-րդ րոպեին, ի վերջո, բացեց խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նաչոն։
Բաց թողած գոլից հետո բասկյան ակումբը մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց Տիբո Կուրտուայի դարպասի ուղղությամբ, սակայն «արքայական» ակումբը դիմացավ ճնշմանը՝ հանդիպումը մոտեցնելով իր տրամաբանական ավարտին․ «Ռեալը» հաղթեց 1։0 հաշվով։
Չեմպիոնության մյուս հավակնորդ «Բարսելոնան» էլ սեփաական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։
Թվում էր՝ կատալոնական ակումբը «Նոու Կամպ» մարզադաշտում պետք է հեշտ հաղթանակ տանի Վիգոն ներկայացնող ակումբի նկատմամբ։
Իրադարձություններն էլ միայն խոսում էին դրա մասին, քանի որ Ռոնալդ Կումանի սաները 28-րդ րոպեին Լեո Մեսսիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն 38-րդ րոպեին Սանտի Մինան խփեց պատասխան գնդակը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկորդ խաղակռսում էլ «կապտանռնագույններն» ունեին տարածքային շատ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի հաղթական գնդակը, իսկ 83-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Կլեման Լանգլեն։
«Սելտայի» ֆուտբոլիստներն էլ ստանալով քանակական առավելություն՝ 89-րդ րոպեին պատժեցին մրցակցին և առաջ անցան հաշվի մեջ․ կրկին աչքի ընկավ Սանտի Մինան, ով դարձավ դուբլի հեղինակ։
«Բարսելոնան» պարտվեց 1։2 և վերջին տուրից առաջ վերջնականապես զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորրությունից։
Այպիսով, Լա լիգայի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի վերնամասն ունի հետևյալ տեսքը․
1․ «Ատլետիկո» – 83 միավոր
2․ «Ռեալ» – 81 միավոր
3․ «Բարսելոնա» – 76 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտե Բուդիմիր, Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Նաչո, Ռեալ Մադրիդ, Ռենան Լոդի, Ռոնալդ Կուման, Սանտի Մինա, Օսասունա