Լաուտարոյի բենեֆիսը. Ինտերը կամային հաղթանակ տոնեց Կրեմոնեզեի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։
Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» համար, քանի որ արդեն 11-րդ րոպեին Դավիդ Օկերեկեն հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Սիմոնե Ինձզագիի սաները նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։
Նախքան ընդմիջում միլանյան ակումբն ուներ խաղային տոտալ առավելություն և միայն առաջին կեսում կատարեց 20 հարված, որից 6-ը` դիպուկ։
Այդ առավելությունը տվեց իր արդյունքը. 21-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ «ներաձուրիները» վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն այլևս չունեին այն նույն առավելությունը, ինչ առաջին կեսում։
Ամեն դեպքում, 65-րդ րոպեին հյուրերը վերջապես առաջ անցան հաշվի մեջ. բազմաքայլ գրոհը եզրափակեց Լաուտարո Մարտինեսը` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 11 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում «Ատալանտայի» վինգեր Ադեմոլա Լուկմանի հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականը։
Ի վերջո, «Ինտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 40 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Կրեմոնեզեն», 8 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կրեմոնեզե, Սիմոնե Ինձզագի