Իտալիա VS Իսպանիա . Ճակատամարտին ընդառաջ

Իտալիա VS Իսպանիա . Ճակատամարտին ընդառաջ

06/07/2021 - 20:38

Դրսում հուլիսյան շոգ է։ Եվրոպայից եկող ֆուտբոլային զովությունը հրաշալի միջոց է երեկոները շքեղությամբ ու անկրկնելիությամբ լցնելու համար։ Քանի, քանի ֆուտբոլային երեկոներ են վերածվել անքուն գիշերների՝ պարտության կամ հաղթանակի էմոցիաների հետևանքով։
Հիմա արդեն եկել են անքնության իր չափաբաժիններով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները։ Այժմ կքննարկենք կայանալիք Իտալիա – Իսպանիա հանդիպումը։

Կար ժամանակ, երբ Իսպանայի հավաքականի կիասպաշտպանությունը մրցակիցներին չէր խնայում, գնդակը փոխանցվում էր խենթացնող արագությամբ, իսկ Ինիեստան այնքան հասարակ էր ամեն ինչ անում, որ արվեստի բնագավառից ինչ-որ գլուխգործոցից համեմատություն էիր փնտրում` տեսածդ բառերով նկարագրելու համար։

Այդ ժամանակները մնացին անցյալում։ 2012-ի Եվրոպայի առաջնության ժամանակ, ի շնորհիվ հենց իր հիանալի կիսապապանության, Իսպանիան մրցաշարի եզրափակչում նույնիսկ չնկատեց Իտալիային` ջախջախելով 4:0 հաշվով։

Այժմ լրիվ հակառակ երևույթն է նկատվում։ Իտալիան ամենաճանաչելի թիմն է իր խաղաոճով, իր կիսապաշտպանությամբ։ Նրանք պարտվեցին այդ հանճարեղ Իսպանիային, բայց սովորեցին նաև հետևյալը. «Նրանք հանճարներ ունեին իրենց կազմում, ինչպիսիք էին Խավին ու Ինիեստան։ Նրանք բոլորիս ոգեշնչել են, բայց հիմա էլ այնտեղ խաղում է Սերխիո Բուսկետսը, ով լավագույններից իր դիրքում, ինչպես նաև Կոկեն ու Պեդրին։ Մեզ հիանալի հանդիպում է սպասում»,- այ այսպես է արտահայտվել Նիկոլո Բարելան, երբ նրան հարցրել են գալիք դիմակայության մասին։

Իսպանայի հավաքականը 1/2 եզրափակիչ դուրս եկած թիմերից ամենաքիչ քննարկվածն է։ Լուիս Էնրիկեի թիմը այսպես լուռ, խաղ առ խաղ հաղթելով, ընգրկվեց լավագույն քառյակում։ Իսպանայի հավաքականը փորձում է օգտագործել խաղադաշտի ողջ երկայնքը, օգտագործում է եզրերը` որպես մրցակցի պաշտպանության կոմպակտությունը խաթարման միջոց, բայց Իտալայի դեմ խաղը լրիվ այլ է․ այստեղ պայքար է գնալու խաղադաշտի այլ հատվածի համար։
Թե որ թիմն է դուրս գալու եզրափակիչ, որոշվելու է խաղադաշտի կենտրոնում։

Իտալիա. Մարկո Վերատի, Ժորժինիո, Նիկոլո Բարելլա

Ժորժինիոն Իտալայի հավաքականի գլխուղեղի ձախ կիսագունդն է։ Նա տալիս է թիմին տրամաբանություն, ժամանակի ու տարածության զգացողություն։ «Սկուդրա աձուրան» խոսում է հենց նրա լեզվով։ Նա ճնշման տակ ամենաշատ ճիշտ փոխանցում կատարած ֆուտբոլիստն է Իտալայի հավաքականի կազմում (68) ու նա միշտ հիանալի դիրքում է լինում գրոհի մեկնարկի համար։
Այս սենսորային քարտեզում պատկերված է Ժորժինիոյի գործողությունները Եվրո-2020-ի ընթացքում։

Բրազիալիական արմատներով իտալացին հոյակապ է խաղում մրցակցի պրեսինգի ներքո, ինչը հերթական անգամ ապացուցվեց այս մրցաշարում։


Մարկո Վերատին Իտալայի հավաքականի աջ կիսագունդն է։ Նա ստեղծագործում և հնարում է։ Մարկոն հոյակապ լուծեց Ավստրիայի դեմ հանդիպման իր թիմի խնդիրը, որը ենթարկվում էր պրեսինգի։ Վերատտին իջավ պաշտպանություն և սկսեց գործել Լեոնարդո Բոնուչիի և Ֆրանչեսկո Աչերբիի հետ մեկ գծի վրա։

Այս դեպքում Ավստրիան կա՛մ պետք է շարունակեր պրեսինգը, այսինքն, մեկ հոգի կենտրոնից պետք է միանար նրանց և դրանով պաշտպանությունը էլ ավելի բարձր պետք է խաղար, իսկ մենք գիտենք, որ և՛ Բոնուչին, և՛ Աչերբին, և՛ Վերատտին կարող են երկար փոխացումով հարվածային դիրք դուրս բերել Չիրո Իմոբիլեին կամ Լորենցո Ինսինյեին, կա՛մ հրաժարվել բարձր պրեսինգից և պաշտպանվել միջին բլոկով։ Ավստրացիներն ընտրեցին երկրորդ տարբերակը։
Բացի այդ, Վերատտին այս մրցաշարում իր թիմակիցների համար երկրորդ ամենաշատ գոլային հնարավորություն ստեղծած ֆուտբոլիստն է (12) (առաջինը Կեվին դե Բրոյնեն է, ով ստեղծել է 13 գոլային պահ)։
Ահա Վերատիի ստեղծած հնարավորությունները սենսորային քարտեզի տեսքով.

Նիկոլո Բարելան այն ֆուտբոլիստն է, ով կազմում է Իտալայի հարձակման հնգյակը, բացի այդ, նա նաև պետք է հասցնի լինել այն մեկ ֆուտբոլիստներից մեկն է, ով եռանկյունի կկազմի Ժորժինիոյի ու Վերատտիի հետ անհրաժեշտության դեպքում։ Չնայած «Ինտերի» կիսապաշտպանը նաև Ռոբերտո Մանչինիի գաղտնի զենքերից է, ով կազմում է նաև այլ մարտավարության մաս, ինչի մասին մենք մանրամասն խոսել ենք Բելգիա-Իտալիա հանդիպման վերլուծության ժամանակ։

Իսպանիա. Սերխիո Բուսկետս, Պեդրի, Կոկե

«Կարմիր ֆուրիայի» կիսապաշտպանական կազմը լրիվ այլ կլիներ, եթե մրցաշարը մեկնարկեր ճիշտ ժամանակին` 2020 թ. ամռանը։ Այն ժամանակ Պեդրիի թեկնածությունը նույնիսկ չէր էլ քննարկվում։ Հետագայում, երբ արդեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստը խաղաց Իսպանայի մինչև 21 տարեկանների հավաքականում նրան նկատեց Լուսի Էնրիկեն և անմիջապես հրավիրեց ազգային թիմ։
«Պեդրին ունի ամեն ինչ կիսապաշտպանությունում խաղալու համար։ Նրա երիտասարդ տարիքն էական չէ։ Նա հոյակապ օղակ է պաշտպանության ու հարձակման միջև։ Ես ուզում եմ, որ նա մեզ հետ լինի»,- հմայված պատմում էր Էնրիկեն, երբ Պեդրիին առաջին անգամ հրավիրել էր հավաքական։

«Կարմիր ֆուրիյաի» կիսապաշտպանը հսկայական դեր խաղաց Սլովակայի (5:0) և Խորվաթիայի (5:3) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներում: Վստահաբար կարելի է ասել, որ «Բարսելանայի» ֆուտբոլիստը ամենաանփոխարինելին է Իսպանայի հավաքականի կազմում։ Ահա տեսեք ամենաշատ խաղաժամանակ անցկացրած ֆուտբոլիստները Եվրո 2020-ում (դարպասապահների անցկացրած խաղաժամանկը այս պարագայում հաշվի չի առնվում).

Տպավորիչ է, այնպես չէ՞։
Այս սենսորային քարտեզը դիտելուց հետո էլ պարզ երևում է, որ Պեդրին ողջ դաշտով չի գործում, այլ հիմնականում մեկ կողմի վրա է կենտրոնացած։

Բայց սա չի նշանակում, որ նա չի կարող խաղալ կենտրոնում։ Մեծ հավականությամբ երիտասարդ կիսապաշտպանը մարզչի առաջադրանքն է կատարում և թող զարմանալի չթվա, եթե հանկարծ Իտալայի դեմ խաղում նրան լրիվ այլ հատվածում տեսնեք։

Սերխիո Բուսկետսը միակ կիսապաշտպանն է, ով անբաժանելի մաս է կազմել այն իսպանական ֆուտբոլի ոսկե ժամանակներում։ Հիմա նա 32 տարեկան է, իսկ շուտով կդառնա 33 ու հենց այս փորձն է պարտադիր երիտասարդ Պեդրիի կողքին։ Նա է թիմի ռիթմի պատասպխանատուն։

Կոկեն Դիեգո Սիմիոնեի կերտած ֆուտբոլիստն է։ Շատերը Կոկեի փոխարեն դիտարկում էին Մարկուս Լյորենտեի տարբերակը, բայց Լուիս Էնրիկեն կարծես երբեք չի էլ կասկածել Կոկեի հարցում։
Իսպանացիների մարզիչը օգտագործում է նրա ուժն ու դիմացկունությունը, քանի որ Կոկեն խաղում է կիսապաշտպանության խորքից և պետք է հասցնի ամենուր, հատկապես՝ պաշտպանվելիս և պրեսինգ անելիս։
Հենց «Ատլետիկոյում» նա սկսեց խաղալ կիսապաշտպանության խորքից, որպեսզի փորձի փակել բաց գոտիները։ Կոկեին այդ էլ խնդրում են Իսպանայում, սակայն նա կիսապաշտպանության ամենազգուշավոր ֆուտնոլիստն է։ Թվում է, թե ողջ կիսապաշտպանության բաց գոտիների ծանրությունը ընկած է նրա ուսերին և Կոկեն կարող է պարզապես չդիմանա ճնշմանը։

Իտալիա-Իսպանիա դիմակայութան գլխավոր խնդիրը կենտրոնն է։ Լուսի Էնրիկեի թիմի կենտրոնը հավասարակշռությունից մի փոքր ընկած է երևում, ինչը կարող է շատ մեծ խնդիրների առաջ կանգնեցնել այնպիսի թիմի դեմ խաղում, ինչպիսին Իտալիան է։ Ռոբերտո Մանչինիի թիմի գրոհները ծովի ալիքի պես Ժորժինիոյի դիրժորությամբ նահանջում են ու նոր թափով են գալիս ու եթե «սկուադրա աձուրայի» մարզիչը գոնե կենտրոնի համար պետք է հանգիստ լինի, ապա Լուիս Էնրիկեի մտահոգությունը խաղադաշտի հենց այդ հատվածն է, ոչ թե այն պատճառով, որ նրա թիմի կիսապաշտպանները լավը չեն, այլ որ սա նրանց առաջին լուրջ քննությունն է կենտրոնի համար պայքարում։

Ամեն դեպքում, հուսով ենք` իսկական ճակատամարտ տեսնել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Սիրեք՛ ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023