Դրամա Ուեմբլիում!!! Իտալիան Եվրո-2020-ի եզրափակչում է🎥

Դրամա Ուեմբլիում!!! Իտալիան Եվրո-2020-ի եզրափակչում է🎥

07/07/2021 - 01:40

Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ Իսպանիայի հավաքականի ձեռքում էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն գրեթե գոլային պահեր չկային։

«Ֆուրիա ռոխայի» ստեղծած վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 25-րդ րոպեին Դանիո Օլմոյի դրվագը, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց «սկուադրա աձուրային»։

Իտալացիները, ովքեր առաջին կեսում հիմնականում մտածում էին պաշտպանության մասին, խաղակեսի վերջում իրական գոլային պահ ունեցան, երբ 45-րդ րոպեին Էմերսոնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսն ակտիվ էին սկսել երկու կողմերն էլ, սակայն «ֆուրիա ռոխան» շարունակում էր ավելի լավ տպավորություն թողնել։

52-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ Սերխիո Բուսկետսը, ում պտտեցրած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

Գրոհեցին Լուիս Էնրիկեի սաները, սակայն իտալացիները համբերեցին, անձնուրաց պաշտպանվեցին ու սպասեցին իրենց գոլային պահին, որն եկավ 60-րդ րոպեին. «սկուադրա աձուրան» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ֆեդերիկո Կիեզան բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ իսպանացիների համար, ովքեր 68-րդ րոպեին կարող էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, սակայն փոխարինման դուրս եկած Դոմենիկո Բերարդիի հարվածից հետո Ունայի Սիմոնը փրկեց «ֆուրիա ռոխային»։

Այդ դրվագից հետո նախաձեռնությունը կրկին անցավ իսպանացիների ձեռքը, սակայն Էնրիկեի սաների խաղում բացարձակ սրություն չկար։

Ամեն դեպքում, այդ առավելությունը չէր կարող չտալ իր արդնունքը. 80-րդ րոպեին Դանի Օլմոն ու Ալվարո Մորատան հիանալի գրոհ ձեռնարկեցին, ինչի արդյունքում վերջինս մեն-մենակ մնաց Դոնարումայի դիմաց և հանգիստ հավասարեցրեց հաշիվը։

Խփված գոլից հետո երկու թիմերն էլ ավելի շատ մտածում էին դարպասը պահել անառիկ, և հանդիպման հիմնական ժամանակում այլ գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին կեսում էլ պատկերը նույնն էր. Իսպանիայի հավաքականն անդադար գրոհում էր, իսկ Իտալիայի հավաքականը որոշ դրվագներում մազից էր փրկվում, սակայն դիմանում էր։

110-րդ րոպեին իտալացիները գրավեցին Ունայի Սիմոնի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չեղարկեց Դոմենիկո Բերարդիի խփած գոլը։

Լրացուցիչ երկրորդ խաղակակեսը հիմնականում հանգիստ պայքարում անցավ, քանի որ կողմերի մոտ արդեն նկատվում էր հոգնածություն։

Ի վերջո, բանը հասավ 11-մետրանոցներին, որի շնորհիվ հաղթեցին իտալացիները։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Անգլիա – Դանիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023