Իտալական կրքեր Սան Սիրոյում. Միլանն ու Ինտերը չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 11-րդ րոպեին «Ինտերը» 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացեց Հական Չալհանօղլուն` գրավելով իր նախկին թիմի դարպասը։
«Միլանը» շատ արագ ուշքի եկավ բաց թողած գոլից հետո. 17-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեֆան դե Վրեյը։
27-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերին ևս մեկ 11-մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին. նշակետին այս անգամ մոտեցավ Լաուտարո Մարտինեսը, սակայն նրա հարվածից հետո «ռոսոներիներին» փրկեց դարպասապահ Կիպրիան Տետերեշանուն։
Նախքան ընդմիջման գնալը «Ինտերը» կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 45-րդ րոպեին նպաստավոր դիրքից վրիպեց Էդին Ջեկոն։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ «ներաձուրիների» տարածքային առավելությամբ, սակայն«Ինտերի» ֆուտբոլիստները մեծ հաշվով իրական գոլային պահեր չէին կարողանում ստեղծել «Միլանի» դարպասի ուղղությամբ։
Խաղավարտին մոտ Ստեֆանո Պիոլին մի շարք փոփոխություններ կատարեց, ինչը բավական ակտիվացրեց «Միլանի» խաղը։
Վերջնամասում «ռոսոներիները» շատ ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն` ստեղծելով երկու իրական գոլային պահ։ Հատկապես հիշատակման է արժանի Ալեքսիս Սալեմակերսի դրվագը, ում հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Աչքի ընկնելուն մոտ էր նաև Զլատան Իբրահիմովիչը, ում իրացրած տուգանային հարվածից հետո «Ինտերին» փրկեց Սամիր Հանդանովիչը։
Ի վերջո, «Ինտերը» դիմաց «Միլանի»` խաղավերջում ստացած առավելությանը ու խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ինտերը», 25 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կիպրիան Տետերեշանու, Հական Չալհանօղլու, Միլան, Սամիր Հանդանովիչ, Սիմոնե Ինձզագի, Ստեֆան դե Վրեյ, Ստեֆանո Պիոլի