Իտալական կրքեր Միլանում. Ինտերը գոլառատ խաղում հաղթեց Նապոլիին🎥

Իտալական կրքեր Միլանում. Ինտերը գոլառատ խաղում հաղթեց Նապոլիին🎥

21/11/2021 - 23:01

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Ինտերը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նապոլիի» դեմ։

Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հավասար պայքարում, սակայն նեապոլիտանակն ակումբն արդեն 17-րդ րոպեին կատարած առաջին դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը. հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պյոտր Զելինսկին։

Հյուրերի ուրախությունը երկար չտևեց, քանի որ 24-րդ րոպեին Կալիդու Կուլիբալին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացեց Հական Չալհանօղլուն` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «Ինտերի» ֆուտբոլիստներն ունեին խաղային առավելություն և շատ ավելի լավ տպավորություն էին թողնում, ինչն էլ տվեց իր պտուղները. «ներաձուրիները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ։

44-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո իր թիմին առաջ մղեց Իվան Պերիշիչը։

Կողմերն ընդմիջման գնացին «Ինտերի» առավելության պայմաններում` 2:1։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Լաուտարո Մարտինեսը կարող էր ավելի մեծացնել միլանցիների առավելությունը, սակայն 47-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո Դավիդ Օսպինան հերթական սեյվը գրանցեց իր անվան դիմաց։

Ամեն դեպքում, 61-րդ րոպեին արգեինտինացի հարձակվողը խփեց իր գոլը` եզրափակելով Խոակին Կոռեայի զարգացրած հիանալի հակագրոհը։

Ստանալով երկու գնդակի առավելություն` Սիմոնե Ինձզագիի սաները գնդակի վերահոսկողությունն սկսեցին զիջել մրցակցին, ինչի հետևանքով 78-րդ րոպեին «Նապոլիի» ֆուտբոլիստները մեկ գնդակ հետ բերեցին. տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Դրիս Մերտենսը։

Հանդիպման վերջնամասն անցավ լարված պայքարում. երկու ակումբներն էլ կարողին հաշվի մեջ նոր փոփոխություններ մտցնել, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Մերտենսի գոլն այս խաղում վերջինն էր։

Ի վերջո, «Ինտերը» հաղթեց 3:2 հաշվով։

Այսպիսով, չնայած «Նապոլին» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը, միևնույնն է, մնաց 32 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Հավելենք, որ 32 միավոր ունի նաև «Միլանը», որն ընթացիկ տուրում նույնպես կրեց իր առաջին պարտությունը` 3:4 հաշվով զիջելով «Ֆիորենտինային». «ռոսոներիները» լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն են։

«Ինտերը» վաստակեց 28 միսվոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023