Իտալական կրքե՜ր! Բենևենտոն 10 ֆուտբոլիստներով կարևոր միավորներ խլեց Ռոմայից🎥
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բենևենտոյի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն, պետք է նշենք, որ «Բենևենտոյի» ֆուտբոլիստները տեղ-տեղ ավելի լավ տպավորություն էին թողնում, իսկ «գայլերի» խաղում ընդհանրապես չկար սրություն։
Կողմերն ընդմիջման գնացին՝ այդպես էլ չբացելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ նշանավորվեց այն իրադարձությամբ, որ 57-րդ րոպեին «Բենևենտոն» մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Կամիլ Գլիկը։
Հատկանշական է, որ լեհ պաշտպանն իր առաջին դեղին քարտն էլ էր ստացել Հենոյի նկատմամբ կանոնների խախտումից հետո։
«Ռոման», ստանալով քանակական առավելություն, նետվեց առաջ՝ հաղթանակ կորզելու, սակայն Պաուլու Ֆոնսեկայի սաները երկար ժամանակ չէին կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Լորենցո Մոնտիպոյի դարպասի ուղղությամբ։
Հռոմեական ակումբի ճնշումը խաղի ինչ-որ պահից սկսած վերածվեց պաշարման․ վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն «Ռոմայի» ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում խփել հաղթական գնդակը։
Նույնիսկ խաղավարտին մոտ հանդիպման տեմպը բավական բարձր էր, քանի որ սկսեց «բաց» ֆուտբոլ ընթանալ, ինչից էլ փորձում էին օգտվել «Բենևենտոյի» ֆուտբոլիստները, ովքեր երբեմն հակագրոհներ էին «փախցնում»։
Միայն հանդիպման 90+4-րդ րոպեին «Ռոման» ստեղծեց այս հանդիպման իր ամենաիրական գոլային պահը․ անկյունային հարվածի խաղարկումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում բոլորից արագ կողմնորոշվեց Լորենցո Պելեգրինին, սակայն իտալացի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց Լուկա Կալդիրոլան։
Ֆիլիպո Ինձզագիի թիմն, ի վերջո, պաշտպանվեց շատ լավ և հաջողվեց 10 ֆուտբոլիստներով դիմակայել՝ պահպանելով 0։0 հաշիվը։
Այսպիսով, «Ռոման» կարևոր միավորներ կորցրեց «Բենևենտոյի» դեմ խաղում։ Այս ոչ-ոքիից հետո «գայլերը» վաստակեցին 44 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ «Բենևենտոն», 25 միավորով, 15-րդն է։
Վերջում հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 82 րոպե, ինչից հետո նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստեֆան Էլ-Շարավին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բենեվենտո, Կամիլ Գլիկ, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Ֆիլիպո Ինձզագի