Իտալական ակումբները մոտ օրերս կվերսկսեն մարզումները
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հերթական տեսաուղերձի ժամանակ նշել է, թե Ա սերիայի ակումբները երբ կկարողանան վերսկսել մարզումները։ Վարչապետի խոսքով ակումբները փոքրաթիվ խմբերով մարզումները կվերսկսեն մայիսի 4-ից, իսկ ամբողջ թիմով կսկսեն մարզվել մայիսի 18-ից սկսած։
«Այժմ մենք պետք է համաձայնության գանք և պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ արվում է խաղացողների անվտանգության ապահովման համար։ Մենք ապրում ենք սպորտով և չենք ցանկանում, որ նրանք հիվանդանան։
Ես ապրում եմ ֆուտբոլով և ինչպես շատ այլ իտալացիներ, ես ևս տարօրինակ զգացողություններ ունեի, երբ առաջնությունը դադարեցվում էր։ Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում էին, որ այլ այլընտրանք չկար։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի սկզբից սկսած կսկսի խաղացողներին թեստավորել, ինչն էլ թույլ կտա ապահով կերպով վերադառնալ խաղերին։ Բացի դրանից՝ ակումբները կկազմեն խաղացողներից, մարզչական անձնակազմից, ֆիզիոթերապևտներից, տեխնիկական անձնակազմից, ինչպես նաև բժիշկներից կազմված խմբեր, ովքեր կանցնեն թեստավորում, այնուհետև կմեկուսացվեն մարզումային ճամբարում, ինչից հետո նոր միայն հնարավոր կլինի վերսկսել մարզումները»,- վարչապետի խոսքերը փոխանցում է BBC-ն։
Նշվում է, որ իտալական Ա սերիան դեռևս ոչ պաշտոնական տեղեկություններով վերսկսվելվելու է մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում։
# Ա-սերիա, կորոնավիրուս