Իսրայելում ֆուտբոլիստը մրցավարի ձեռքն ուժեղ սեղմելու համար կարմիր քարտ է ստացել
Իսրայելի Սուպերլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Հապոել Բեեր Շևան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Հապոել Երուսաղեմին»։
Հանդիպման ավարտից հետո գլխավոր մրցավար Լիրան Լիանին տարօրինակ որոշում է կայացրել` կարմիր քարտով պատժելով «Հապոել Բեեր Շևայի» պաշտպան Հատեմ Աբդ Էլհամեդին։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Sport5-ը, 44-ամյա մրցավարը Էլհամեդին կարմիր քարտ է ցույց տվել, քանի որ վերջինս ուժեղ է սեղմել նրա ձեռքը։
«Հապոլե Բեեր Շևայի» գործադիր Գայ Պրիմորն ականատես է եղել այդ դրվագին և արձագանքել է եղելությանը.
«Ես մոտ էի նրանց, քանի որ նույնպես գնում էի մրցավարի ուղղությամբ` սեղմելու նրա ձեռքը։
Մրցավարն ասաց, որ Հատեմի հետ ձեռքսեղմումը նրան ցավեցրել է։ Ի՞նչ մեղավոր է մեր ֆուտբոլիստը, որ ուժեղ է սեղմում ձեռքը»,- նշել է Պրիմորը։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Հապոել Բեեր Շևան» վաստակեց 46 միավոր և գլխավորեց Իսրայելի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Հապոել Երուսաղեմը», 16 միավորով, նախավերջինն է` 13-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսրայելի Սուպերլիգա, Լիրան Լիանի, Հապոել Բեեր-Շևա, Հապոել Երուսազեմ, Հատեմ Աբդ Էլհամեդ