Ինտեր Մայամին թրիլլերային խաղում հաղթեց Ցինցինատիին` դուրս գալով ԱՄՆ գավաթի եզրափակիչ🎥
ԱՄՆ գավաթի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Ցինցինատիի» դեմ։
Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերի համար, ովքեր արդեն 53-րդ րոպեին պարտվում էին 0:2 հաշվով։
«Ցինցինատիի» գոլերը խփեցին Լուչիանո Ակոստան ու Բրենդոն Վասկեսը։
Այդուհանդերձ, Խերարդո Մարտինոյի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու կարողացավ փրկել այն` տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
68-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած տուգանային հարվածից հետո Լեոնարդո Կամպանան կրճատեց հաշիվը։
90+7-րդ րոպեին էլ Մեսսին իր ֆանտաստիկ փոխանցումով կրկին հարվածային դիրք դուրս բերեց Կամպանային, ով գլխի դիպուկ հարվածով խփեց «Ինտեր Մայամիի» երկրորդ պատասխան գոլը։
93-րդ րոպեին Ջոզեֆ Մարտինեսն առաջ մղեց արդեն հյուրերին, սակայն «Ցինցինատիի» տղաներն իրենց մեջ ուժ գտան և 113-րդ րոպեին Յույա Կուբոյի ջանքերով լուսատախտակին կրկին հավասար հաշիվ վառեցին` 3:3։
Լրացուցիչ ժամանակն այդ հաշվով էլ ավարտվեց, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով։
Վճռորոշ դարձավ «Ցինցինատիի» կենտրոնական պաշտպան Նիկ Հագլունդի վրիպումը, ում հարվածից հետո «Ինտեր Մայամիին» փրկեց դարպասապահ Դրեյք Կալենդերը։
Նշենք, որ 25-ամյա դարպասապահն, առհասարակ, հանդիպման հերոսներից էր, ով քանիցս փրկեց իր թիմին` կատարելով 6 սեյվ։
Այսպիսով, Խերարդո Մարտինոյի թիմը թրիլլերային պայքարում հաղթեց «Ցինցինատիին» և դուրս եկավ ԱՄՆ գավաթի եզրափակիչ, որի շրջանակում սեպտեմբերի 28-ին մրցելու է «Հյուսթոն Դինամոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՄՆ գավաթ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Ցինցինատի