Ինտերի հերթական ձախողումը. «ներաձուրիները» պարտվեցին Ուդինեզեին🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերն» Ուդինեի «Դաչիա Արենա» մարզադաշրում հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Կարելի է ասել` հանդիպումը «ներաձուրիներն» սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Նիլոլո Բարելան տուգանայինից կատարած հիանալի հարվածով բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, տանտերերը բավական արագ հավասարեցրին հաշիվը. 22-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Միլան Շկրինյարը։
Նշենք, որ առաջին խաղակեսում «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին տարօրինակ որոշում կայացրեց։
Հանդիպման 13-րդ ու 21-րդ րոպեներին միլանյան ակումբի կազմում դեղին քարտով պատժվեցին համապատասխանաբար Ալեսանդրո Բաստոնին ու Հենրիխ Մխիթարյանը, ինչն առաջացրեց 46-ամյա մասնագետի դժգոհությունը, ով 31-րդ րոպեին փոխարինեց երկու ֆուտբոլիստներին էլ։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին. կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեծ մասում տանտերերն ունեին շատ ավելի լավ տեսք, ինչն էլ խաղավերջում տվեց իր արդյունքը. Անդրեա Սոտիլի թիմը հաղթեց 3:1 հաշվով։
«Ուդինեզեին» հաղթանակ պարգևեցին Յակա Բիյոլի և Տորգայ Արսլանի` 84-րդ ու 90+3-րդ րոպեներին խփած գոլերը։
«Ուդինեզեն» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ինտերը», 12 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Միլան Շկրինյար, Ուդինեզե, Սիմոնե Ինձզագի