Ինտերը, ի պաշտպանություն կորոնավիրուսից տուժածների, այսօր հանդես կգա հատուկ խաղաշապիկներով
Այսօր՝ փետրվարի 9-ին, իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում տեղի կունենա հերթական միլանյան դերբին. կմրցեն «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23։45 րոպեին։
«Ինտերի» խաղացողներն այսօր խաղադաշտ դուրս կգան հատուկ խաղաշապիկով, որի թևին չինարենով հատուկ գրություն կլինի։ Այդ քայլով միլանյան ակումբը փորձում է աջակցել չինացի ժողովրդին, որը տարվա սկզբից պայքարում է Հյուբեյ նահանգում բռնկված կորոնավիրուսի դեմ, ինչի պատճառով արդեն հարյուրավոր մարդիկ են մահացել։
Գրությունը կունենա հետևյալ բովանդակությունը․ «Առա՜ջ, Չինաստան»։ «Սան Սիրոյի» տարբեր հատվածներում տեղադրված կլինեն պաստառներ, որոնց վրա կլինի հետևյալ գրությունը․ «Այսօր և ընդմիշտ։ Միասին, ինչպես մեկ միասնական թիմ։ Առա՜ջ, Ուհան»։
Բացի այդ ամենից՝ հաղորդվում էր, որ «Ինտերի» նախագահ Սթիվեն Չանը Ուհանին նվիրել է 300-ից ավելի բժշկական հատուկ դիմակներ։
# Ա-սերիա, Ինտեր, Միլան