Ինսինյեն կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի կազմում
«Նապոլիի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրելու է 2022 թ. հուլիսի 1-ին, որի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։
Ինսինյեն նոր ակումբի շարքերը համալրելու է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
30-ամյա վինգերը կանադական ակումբի կազմում վաստակելու է տարեկան 11.5 մլն եվրո աշխատավարձ, որին հետագայում կարող է ավելանալ ևս 4.5-ը` կախված մրցելույթներից։
Ռոմանոն Instagram-ի իր էջում գրում է նաև, որ գործարքն ամբողջությամբ համաձայնեցված է. Ինսինյեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, իսկ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Նշվում է նաև, որ «Նապոլին» պայմանագրի երկարաձգման հարցում այլևս որևէ առաջարկ չի անելու Ինսինյեին։
Հիշեցնենք, որ Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» սան է, որի կազմում անցկացրել է 415 հանդիպում` դառնալով 114 գոլի և 91 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լորենցո Ինսինե, ՄԼՍ, Նապոլի, Տորոնտո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո