Ինչո՞ւ են ֆուտբոլիստները վաստակում այդքան շատ
Ինչպես գիտեք, ֆուտբոլիստներին գրեթե բոլորից շատ են վարձատրում և գնահատում։ Օրինակ՝ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին իր ներկայիս պայմանագրի համաձայն վաստակում է շաբաթական 550 հազար եվրո, ինչը մոտ 320 անգամ ավելի շատ է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի վաստակածից, ով, ինչպես գիտեք, երկրի գլխավոր դեմքն է։
Առաջին հայացքից անմտություն է թվում, որ ֆուտբոլիստները ավելի շատ են վաստակում, քան քաղաքական գործիչները, բուժաշխատողները, գիտնականները և այլ մասնագիտությունների տեր անձինք։ Սակայն ամեն ինչ տրամաբանական է։ Այստեղ առաջ է քաշվում առաջարկի և պահանջարկի հայտնի կանոնը։
Դա կարծես լինի գրավիտացիայի տնտեսական օրենքը, որը որոշում է գրեթե ամեն ինչի արժեքը։ Օրինակ՝ գարեջրի, քաղաքի կենտրոնում գտվող բնակարանի, յուրաքանչյուրի աշխատավարձը և այլն։ Ֆուտբոլի պարագայում առաջարկը ֆուտբոլիստների քանակն է, իսկ պահանջարկը որոշում են ակումբները, որոնք ցանկանում են պայմանագիր կնքել այդ ֆուտբոլիստների հետ։
Ֆուտբոլիստներ շատ կան, սակայն այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք Մեսսին կամ Ռոնալդուն են, հազվադեպ են ի հայտ գալիս։ Օրինակ՝ 1․5 մլն երիտասարդներից ընդամենը 180-ին է հաջողվում անցնել անգլիական որևէ ակումբի բոլոր մանկապատանեկան և երիտասարդական դպրոցներով և դառնալ ԱՊԼ-ի ֆուտբոլիստ։
Տաղանդավոր խաղացողների պահանջարկը բարձր է, քանի որ նրանք բարձրացնում են տվյալ ակումբի տիտղոս նվաճելու հնարավորությունը։ Առաջին հերթին, պետք է նշենք նաև, որ ֆուտբոլային ամենահաջողված բրենդները ավելի շատ գումար վաստակում են հեռուստատեսային իրավունքների, մերչնդայզինգի և տոմսերի վաճառքից։ Որևէ տաղանդավոր ֆուտբոլիստի գրավելու յուրաքանչյուր ակումբի ամենալավ հնարավորությունը ավելի շատ գումար առաջարկելն է։ Պետք է ավելի շատ առաջարկել, քան մրցակիցերը։
Այս ամենով է պայմանավորված նաև կարիերան ավարտող բազմաթիվ խաղացողների Արևելք տեղափոխվելը, ինչպես, օրինակ, Խավին կամ Անդրես Ինիեստան։ Սպորտային առումով այդ խաղացողներն այլևս չունեն որևէ մոտիվացիա, սակայն տեղի ակումբները պատրաստ են նրանց վճարել մեծ գումարներ։
Ցածր դիվիզոններում խաղացողները վաստակում են ավելի քիչ, քանի որ առաջարկն այդ մակարդակում ավելի բարձր է։ Դա բացատրվում է նրանով, որ այդ մակարդակում անհրաժեշտ հմտություններով խաղացողներն ավելի շատ են ակումբների համար, քան նրանք, ովքեր համապատասխանում են ավելի թոփ ակումբներին։ 2014/15 մրցաշրջանում անգլիական երրորդ դիվիզիոնը ներկայացնող միջին վիճակագրական ֆուտբոլիստը տարեկան վաստակում էր 70 հազար ֆունտ աշխատավարձ, իսկ ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստը՝ 1․7 մլն ֆունտ։
Ֆուտբոլիստների աշխատավարձները կախված են նաև ակումբների եկամտից, որոնք տարեց տարի աճում են․ շատ ակումբներ երբևէ այդքան մեծ գումարներ չեն աշխատել, որքան մեր օրերում։ Գլոբալիզացիայի և ինֆորմացիայի «արտահոսքի» դարաշրջանում, ֆուտբոլը երկրպագուների շրջանում դառնում է ավելի պոպուլյար և ավելի շահութաբեր ֆուտբոլի «ներսում» գտնվող մարդկանց համար։ Եթե 1992-1997 թթ․ այն հեռուստաընկերությունները, որոնք ցանկանում էին ցուցադրել Պրեմիեր լիգայի հանդիպումները, վճարում էին 200 մլն ֆունտ, որն էլ բաշխվում էր բոլոր ակումբների միջև, ապա ներկայիս պայմանագրի համաձայն հեռուստաընկերությունները վճարում են ավելի քան 3 մլրդ ֆունտ։
Այս ամենի գլխավոր եզրակացությունը հետևյալն է․ ֆուտբոլիստները վաստակում են աստղաբաշխական գումարներ, քանի որ մարդկանց հետաքրքրում է ֆուտբոլը։ Առանց երկրպագուների ակումբները չեն կարող ունենալ մեծ շահույթ, իսկ երբ նվազի տաղանդավոր ֆուտբոլիստների պահանջարկը, այդ ժամանակ էլ կնվազեն նրանց աշխատավարձերը։