Ի՞նչ ֆիլմեր է առաջարկում դիտել Interfootball-ը?

Ի՞նչ ֆիլմեր է առաջարկում դիտել Interfootball-ը?

02/04/2020 - 12:59

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կյանքը գրեթե ամբողջ աշխարհում կանգ է առել։ Բազմաթիվ մարդաշատ քաղաքներ պարզապես վերածվել են դատարկության, քանի որ մարդիկ գտնվում են կարանտինում։ Աշխարհում մոտ 1 մլն մարդ արդեն վարակված է այս հիվանդությութունով, իսկ 50 հազարը մահացել են։ Այդպիսի պայմաններում մարդկանց միակ փրկությունը տանը մնալն է։ Interfootball.am-ը կարանտինի պայմաններում առաջարկում է դիտել մի շարք ֆիլմեր, որոնք արժի դիտել։

Գոլ. երազանքի սկիզբը

  • Гол! (2005 год)/ Goal! The dream beagin!
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2005թ․
  • Մելոդրամա, սպորտ
  • Imbd 6.7, Kinopoisk 7.7
  • Տևողությունը՝ 118 րոպե

Կարծում ենք՝ շատերդ դիտել եք այս ֆիլմը, քանի որ ֆուտբոլային թեմայով ֆիլմերից խոսելիս առաջինը հիշում ենք Դենի Կենոնի երեք շարքից բաղկացած ֆիլմի առաջին հատվածը, քանի որ, ըստ մեզ, սա ամենաստացվածն է։

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է մեքսիկացի տղան՝ Սանտիագո Նունյեսը, ի հակառակ բոլոր քննադատությունների, կարողանում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նրան նկատում են Անգլիայում հանդես եկող թիմերից մեկից և հրավիրում են փորձաշրջան անցնելու, իսկ թե ինչպես հաջողվեց նրան դառնալ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Անիծված Յունայթեդ

  • Проклятый Юнайтед/ The Damned United
  • Մեծ Բրիտանիա, 2009թ․
  • Դրամա, սպորտ
  • Imbd 7.5, Kinopoisk 7.6
  • Տևողությունը՝ 98 րոպե

Ֆիլմը անգլիացի լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆի «Լիդս Յունայթեդում» աշխատած կարճ ժամանակահատվածի մասին է։ Կլաֆը ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր 29 տարեկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան և գլխավորել էր «Դերբի Քաունթին»։ Նրա օրոք «Դերբին» 1971/72 մրցաշրջանում դարձել էր չեմպիոն, իսկ 1974 թվականին «Լիդսը» գլխավորող Դոն Ռեվին գլխավորեց Անգլիայի հավաքականը։ Մանչեսթերյան արվարձաններից մեկը ներկայացնող ակումբը հրավիրում է արդեն մեծ վաստակ ունեցող Կլաֆին, ով սակայն ակումբում աշխատեց ընդամենը 44 օր, իսկ թե ինչու այդքան կարճ, կիամանք ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Ռոնալդու

  • Роналду/ Ronaldo
  • Մեծ Բրիտանիա, Իսպանիա 2015թ․
  • Փաստավավերագրական, սպորտ
  • Imbd 6.4, Kinopoisk 6.4
  • Տևողությունը՝ 102 րոպե

Ամբողջ աշխարհում Կրիշտիանու Ռոնալդուին ընդունում են որպես համաշխարհային աստղի, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է նա հասել այդ հաջողություններին, քչերը գիտեն այն դժվարությունների մասին, ինչի միջով անցել է Ռոնալդուն։ Էնտոնի Վոնկեի նկարահանած փաստավավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես է ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը ութ տարեկանից սկսել հանդես գալ սիրողական թիմերից մեկում, ինչից հետո նրան սկսել են նկատել ավելի լուրջ ակումբներ։ Ֆիլմում մեծամասամբ նկարանավել են իրական կերպարներ, օրինակ, խաղացողի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, և Ռոնալդուի նախկին խաղընկեր Ռիո Ֆերդինանդը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Խուլիգաններ

  • Хулиганы/ Hooligans / Green Street Hooligans
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2005թ․
  • Դրամա, սպորտ, կրիմինալ
  • Imbd, 7.5, Kinopoisk 8.03
  • Տևողությունը՝ 109 րոպե

Ովքեր երբևէ հետաքրքրվել են ֆանատական կյանքով կամ ապրել են այդ կյանքով, անպայման պետք է դիտեն այս ֆիլմը։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են ֆիլմի հերոս Մեթին չիրականացրած հանցագործության համար հեռացնում Հարվարիդի համալսարանից։ Հեռացվելուց հետո նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ նա ծանոթանում է իր կնոջ ամուսնու և նրա եղբոր հետ։ Նրանց հետ ծանոթությունից հետո Մեթի կյանքը լիովին փոխվում է։ Նրա փեսան՝ Փիթը, «Վեսթ Հեմի» մոլի երկրպագու է լինում և նրանք սկսում են հաճախել ֆուտբոլային խաղերի, հաճախ հայտնվում էին նաև ծեծկռտուքներում, որոնց ժամանակ Մեթն առաջին անգամ մարդ է ծեծում։ Մեթն ամբողջությամբ ընգրկվում է ֆանատական կյանքի մեջ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Հաղթանակ

  • Победа/ Victory
  • Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իտալիա 1981թ․
  • Դրամա, սպորտ, ռազմական
  • Imbd 6.7, Kinopoisk 6.5
  • Տևողությունը՝ 109

1942 թ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Մի շարք ամերիկացիներ գերի են գերմանական ճամբարում։ Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Քոլբիին բանակցությունների միջոցով հաջողվում է ֆուտբոլային թիմ հավաքելու թույլտվություն ստանալ։ Սակայն գերմանացիները ցանկանում էին մրցել բանտարկյալների հետ, քանի որ կարծում էին, որ գերմանացիների արիական ռասսան անպարտելի է նաև ֆուտբոլային խաղադաշտում։ Կանադացի սպա Հետտչը, ով ծառայել էր ԱՄՆ-ի բանակում, վատ էր խաղում ֆուտբոլ, սակայն առաջարկում է կազմակերպել փախուստի ծրագիր՝ ֆրանսիացիների օգնությամբ։ Ֆիլմում նկարահանվել է նույնիսկ լեգենդար Պելեն, անգլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Բոբի Մուրն, ինչպես նաև Սիլվերստր Ստալոնեն։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Մեսսի

  • Месси/ Messi
  • Իսպանիա 2014թ․
  • Փաստավավերագրական, սպորտ
  • Imbd 7.3, Kinopisk 7.08
  • Տևողությունը՝ 93 րոպե

Դժվար չէ կռահել, որ ֆիլմը ֆուտբոլի համաշխարհայի աստղ Լեո Մեսսիի կյանքի մասին է։ Ֆիլմում բացառապես իրական դեպքեր են նկարագրվում, թե ինչպես է փոքրիկ Մեսսին հաղթահարում իր հիվանդության դժվարությունները, ինչպես է ինքն իրեն ներարկումներ արել, որպեսզի կարողանա ֆուտբոլ խաղալ, ինչպես է իր տատիկը նրան տարել առաջին ֆուտբոլային դպրոցը։ Ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի ֆիլմում նկարահանվել են բացառապես իրական կերպարներ, ինչպես օրինակ, Յոհան Կրոյֆը, Խավիեր Մասկերանոն, Ժերար Պիկեն, Անդրես Ինիեստան և, իհարկե, ինքը՝ Լեո Մեսսին։ Կարճ ասած՝ այս ֆիլմը պատմում է, թե ինչպես է ծնվել Մեսսիի ֆենոմենը։ Վայելե՛ք։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Երազանքների լիգա

  • Лига мечты/ United Passions
  • Ֆրանսիա 2014թ․
  • Պատմական, սպորտ, դրամա
  • Imbd 2.1, Kinoposik 6.1
  • Տևողություն՝ 110 րոպե

Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրեդերիկ Օբյուրտենի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են մի շարք ֆրանսիացի և շվեյցարացի տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ որոշում ստեղծել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։ Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեն որոշում 1930 թվականից սկսաց անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություններ։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռիմեին հաջողվում է իրագործել այդ նպատակը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Երազանքների թիմ

  • Команда мечты/ Les seigneurs
  • Ֆրանսիա 2012թ․
  • Կատագերգություն, սպորտ
  • Imbd 5.3, Kinopoisk 6.59
  • Տևողությունը՝ 98 րոպե

Ֆիլմի գլխավոր հերոս Պատրիկ Օրբերա Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է։ Նա ամեն ինչի հասել էր, սակայն տարիներ անց նա գրեթե ամեն ինչի կորցրել էր, դարձել էր ալկոհոլիկ, բայց օրերից մի օր նրան աշխատանք են առաջարկում Ֆրանսիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Մալե քաղաքում՝ դառնալով տեղի սիրողական թիմերից մեկի մարզիչը, սակայն այդ թիմն ընդունակ չէր լուրջ հաջողություներ գրանցելու և նա թիմ է հրավիրում իր նախկին խաղընկերներին և սկսում են մասնակցել Ֆրանսիայի գավաթի մրցաշարին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Մեր ընթերցողների համար առանձնացրել ենք նաև մի շարք այլ ֆիլմեր․ Կործանարար ֆուտբոլ (Убойный футбол), Հաղթանակի գինը (Цена победы), Պելե․ լեգենդի ծնունդը (Пеле: Рождение легенды), Կեննի (Кенни), Դիեգո Մարադոնա (Диего Марадона), Ռոնալդուն ընդդեմ Մեսսիի (Роналду против Месси), Խաղ (Матч) և այլն։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023