Ի՞նչ մարզադաշտեր են բացվելու 2020 թվականին?

Ի՞նչ մարզադաշտեր են բացվելու 2020 թվականին?

13/07/2020 - 15:17

Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհին հասնցնում է ոչ միայն մարդկային կորուստներ, այլև ֆինանսական լուրջ հարված։ Սակայն նույնիսկ այդ ամենը չի խանգարի, որպեսզի աշխարհի տարբեր մասերում բացվեն գեղեցիկ մարզադաշտեր, որոնք նախատեսված են լինելու ոչ միայն ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար։ Այժմ կներկայացնենք մի շարք գեղեցիկ մարզադաշտեր, որոնք նախատեսված են շահագործման հանձնել 2020 թվականին։

1․ «SoFi Stadium» – Ինգլվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Սույն թվականի հուլիսին նախատեսվում է շահագործման հանձնել պատմության ամենաթանկարժեք մարզադաշտը։ «SoFi Stadium»-ի կառուցման աշխատանքների համար ծախսվել է գրեթե 5 մլրդ դոլլար, ինչը մոտ 3 անգամ ավելի թանկ է «ՈՒեմբլի» մարզադաշտից։ Մարզադաշտը տեղավորելու է 70 հազար հանդիսական, սակայն հնարավորություն ունի նաև տեղավորել 100 հազար հանդիսական։

Մարզադաշտը նախատեսված է լինելու NFL-ի՝ ամերիկյան ֆուտբոլը ներկայացնող «Լոս-Անջելես Ռեմսի» և «Լոս-Անջելես Չարջերսի» համար, ինչպես նաև այդ մարզադաշտում նախատեսված է անցկացնել մի շարք մեծ սպորտային մրցաշարեր։ Այդ մեծ մրցաշարերի շրջանակում ներառված են NFL-ի 2022 թվականի եզրափակիչը՝ Սուպերբոլը, «SoFi Stadium»-ում է անցկացվելու 2028 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այդ օլիմպիական խաղերն անցկացվելու են Լոս-Անջելեսում։ Հավանական է նաև, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնության որոշ հանդիպումներ նույնպես անցկացվեն այս մարզադաշտում։

2․ «Allegiant Stadium» – Պարադայս, Նևադա, ԱՄՆ

Այս մարզադաշտը լինելու է երկրորդ ամենաթանկարժեքն աշխարհում, սակայն կտրուկ զիջելու է «SoFi Stadium»-ին։ Այս մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 2 մլրդ դոլլար․ այն նույնպես կառուցվել է ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ անցկացնելու համար։

Այս մարզադաշտը նախատեսված է լինելու «Լաս-Վեգաս Ռեյդերս» ակումբի համար և տեղավորելու է 65 հազար հանդիսական։ Արդեն օգոստոսի 27-ին առաջին սպորտային իրադարձությունն է ընդունելու, իսկ մինչ այդ ավարտին են հասցվում վերջին շինարարական դետալները։

3. «Պոլ Բիիյա» – Յուանդե, Կամերուն

«Պոլ Բիիյա» մարզադաշտը նախատեսված էր շահագործման հանձնել 2020 թվականի հուլիսին։ Այն պետք է ընդուներ 2021 թվականին տեղի ունենալիք Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մի շարք հանդիպումներ, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը մեկ տարով հետաձգվել է, իսկ շինարարական աշախատանքները ներկա պահին կարծես թե դադարեցված են։ Մարզադաշտը տեղափորելու է 60 հազար հանդիսական։

4․ Կոտ դ’Իվուարի «Ազգային» մարզադաշտ – Աբիջան, Կոտ դ’Իվուար

Ի տարբերություն աֆրիկյան իրենց հարևանների՝ Կոտ դ’Իվուարի իշխանություններն արդեն պաշտոնապես շահագործման են հանձնել մայրաքաղաքում նախատեսված «Ազգային» մարզադաշտը։ Մարզադաշտի կառուցմանը նպաստել են Պեկինի ճարտարապետական համալսարանի մասնագետները, և ըստ նրանց, 60 հազարանոց այս մարզադաշտը պետք է Աֆրիկայում դառնա ամենաժամանակակիցներից մեկը։

5․ «Ստադ Աբդելկադեր Խալեֆ» – Տիզի-Ուզու, Ալժիր

Այս մարզադաշտը տեղավորելու է 50766 հանդիսական և փոխարինելու է «1954 թվականի նոյեմբերի 1»-ի մարզադաշտին, որը մոտ երկու անգամ քիչ տարողունակ էր։ Հատկանշական էր, որ մարզադաշտն անվանվել է Ալժիրի նախկին նախագահ Աբդելկադեր Խալիֆի պատվին։ Մարզադաշտը նախատեսված էր կառուցել այն բանից հետո, երբ 2002 թվականին Ալժիր ներկայցնող «Կաբիլիա» ակումբը երրորդ անգամ անընդմեջ նվաճեց ԿԱՖ-ի Չեմպիոնների լիգան, որը համարվում է աֆրիկայն Չեմպիոնների լիգան, սակայն մարազադաշտի կառուցման աշխատանքները սկսվեցին միայն 2009 թվականին և ավարտին են հասցվում միայն 2020 թվականին։

6. «Ստադ դե Բարակի» – Բարաքի, Ալժիր

Ինչպես «Ստադ Աբդելկադեր Խալեֆ» մարզադաշտը, այնպես էլ այս մյուս մարզադաշտի աշխատանքները չեն կարողանում ավարտին հասցվել արդեն 10 տարի։ Հավելենք, որ այս մարզադաշտը նախատեսված է լինելու 40784 հանդիսկաանների համար։

7․ «SC-Stadion» – Ֆրայբուրգ, Գերմանիա

Եվրոպան միանշանակ Աֆրիկա չէ, իսկ գերմանացիները մշտապես աչքի են ընկել ճշտապահությամբ, սակայն 2018 թվականի նոյեմբերից մարզադաշտի կառուցման տեմպերը չեն տպավորում։ Մարզադաշտը նախատեսված է լինելու Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգի» տնային հանդիպումների համար և տեղավորելու է 34 հազար հանդիսական, սակայն ներկա պահին կիսատ կառուցված մարզադաշտը հիշեցնում է ինչ-որ մեծ պահեստի։

8․ «Նոր մարզադաշտ «Ստյաուա»» – Բուխարեստ, Ռումինիա

Այս մարզադաշտը կառուցվում է «Ստյաուայի» լեգենդար «Գենչի» մարզադաշտի տեղում։ «Նոր մարզադաշտը» տեղավորելու է 31254 հանդիսական՝ նախկին 28356-ի փոխարեն։ Նախատեսված է, որ այն շահագործման կհանձնվի սույն թվականի նոյեմբերին։

Ներկա մահին մարզադաշտն ունի հետևյալ տեսքը․

9. «Hancock Whitney Stadium» – Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ

Եվս մեկ մարազադաշտ, որը նախատեսված է լինելու ամերիկյան ֆուտբոլի համար։ Այն շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա սեպտեմբերին և կտեղավորի 25 հազար հանդիսական։  «Hancock Whitney Stadium» մարզադաշտում իր հանդիպումներն է անցկացնելու Հյուսիսային Ալաբամայի համալսարանի «Գրեմբլին Սթյեթ» ակումբը։

10․ «Չոթանակ Արենա» – Գիրեսուն, Թուրքիա

Գիրեսունը գտնվում է Սև ծովի ափին։ Այս քաղաքը ժամանակին հիմնադրել են հույները, որը ժամանակին կոչվել է Կերասունթ։ Կերասունթը հայտնի է եղել իր գիլասի և կեռասի մեծ այգիներով և հենց այդ տեղից էլ առաջացել են «կեռաս» և «գիլաս» բառերը։ Գիրեսուն քաղաքն ունի ֆուտբոլային ակումբ՝ «Գիրեսունսպոր» անվամբ։ Այդ ակումբը ներկայացնում է Թուրքիայի երկրորդ դիվիզիոնը, իսկ նոր մարզադաշտը նախատեսված է լինելու 22 հազար հանդիսականների համար։

11. «Բաթումի Սթեդիում» – Բաթումի, Վրաստան

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆանտաստիկ կերպով է կատարում իր առջև դրված բոլոր առաջադրանքերը և արդեն երկրորդ եվրոպական ստանդարտներին համապատասխան մարզադաշտ է պատրաստվում շահագործման հանձնել։ Բորիս Պայչաձեի անվան «Դինամո-Արենայի» վերակառուցումից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մարզադաշտ կառուցել երկրի տուրիստական կենտրոն Բաթումիում։ Մարզադաշտը գրեթե պատրաստ է, և այն հանդիպումներ պետք է ընդուներ 2020 թվականի մարտին, սակայն կորոնավիրուսի համաճարակն ամեն ինչ խառնեց։ Հավանական է, որ այս տարվա նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա հենց այս մարզադաշտում։ Հավելենք, որ մարզադաշտը տեղավորելու է 20 հազար հանդիսական։

12. «Ինտեր Մայամի Սթեդիում» – Ֆորթ-Լոդերեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ

Այս մարզադաշտը նախատեսված է 18 հազար հանդիսականների համար, որը կառուցվել է ընդամենը երկու տարում և ծախսվել է 60 մլն դոլլար։ Այսքան էժան, քանի որ Դևիդ Բեքհեմի ակումբն այստեղ իր հանդիպումներն անցկացնելու է ընդամենը 2 տարի, ինչից հետո նախատեսվում է, որ անգլիացի նախկին ֆուտբոլիստը Մայամիում կկառուցի ավելի մեծ մարզադաշտ։

Մարզադաշտն արդեն պատրաստ է և հանձնվել է շահագործման, սակայն այնտեղ նախատեսված առաջին խաղից ընդամենը երկու օր առաջ կորոնավիրուսը վրա հասավ։

Հավելենք նաև, որ այս տարի ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի բեյսբոլի «Ռեյնջերս» ակումբի համար կառուցվել է նոր մարզադաշտ, որը ստացել «Globe Life Field» անվանումը (40,300 հանդիսական), իսկ Հնդկաստանում նախատեսված է շահագործման հանձնել երկու խոշոր կրիկետի մարզադաշտեր․ «ACA International Cricket Stadium» (34 հազար հանդիսական) և «Mullanpur International Cricket Stadium» (50 հազար հանդիսական):

Այս մարզադաշտերը չեն ընդգրկվել մեր հիմնական ցանկում, քանի որ դրանց չափերը տարբերվում են սովորական ֆուտբոլային մարզադաշտերից և ֆուտբոլային խաղեր անցկացնելն անհնար է։

«Globe Life Field» մարզադաշտ
«ACA International Cricket Stadium» մարզադաշտ

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023