Ի՞նչ հանդիպումներ դիտել weekend-ին
Այս weekend-ը նույնպես հիանալի հանդիպումների պակաս չի ունենա։ Կհաջողվի՞ «Ինտերին» պահպանել առաջատարի դիրքը, թե՞ «Յուվեն» կրկին կշրջանցի, կհաջողվի՞ «Բարսելոնային» ու «Ռեալին» Կլասիկոյից առաջ դժվար արտագնա խաղերում տանել հաղթանակներ, կշարունակե՞ն Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյմի Վարդին տխրեցնել մրցակիցներին, իսկ ի՞նչ արդյունք կգրանցվի Ա սերիայի բացահայտումներ դարձած «Կալյարիի» և «Լացիոյի» միջև կայանալիք հանդիպմանը, Մյունխենգլադբախի «Բորուսիան» կպահպանի՞ առաջատարի դիրքը, թե՞ ոչ։ Այս ամենի մասին կփորձենք հասկանալ միասին։
ԱՊԼ
«Վուվլերհեմտոն» – «Տոտենհեմ» 15․12, 18։00
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերտոն» 15․12, 18։00, «Հ2» ՀԸ
«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» 15․12, 20։30, «Հ2» ՀԸ
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարներ «Լիվերպուլն» ու «Լեսթերն» այս տուրում տնային հեշտ հանդիպումներ կանցկացնեն հետնապահներ «Վոթֆորդի» և «Նորվիչի» դեմ։ Երկու թիմերի մարզավիճակը հաշվի առնելով, դժվար է պատկերացնել, որ այս տուրում առաջատարները միավորներ կկորցնեն, չնայած, հավանական է, որ Յուրգեն Կլոպպը ռոտացիաների կդիմի՝ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ առաջատարներին հանգստի հնարավորություն տալով։
ԱՊԼ-ի աս տուրից առանձնացրել ենք երեք հանդիպում, որոնք արժանի են ուշադրության ։
«Վուլվերհեմտոնն» ու «Տոտենհեմը» փորձում են մոտենալ Չեմպիոնների լիգայի գոտուն։ Նունուի սաներն արդեն 11 անընդմեջ խաղ անպարտելի են Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, սակայն չափից շատ ոչ-ոքի արդյունքներ են գրանցել, ինչի պատճառով չեն կարողանում մոտենալ լավագույն քառյակին, սակայն մի քանի խաղ հաղթելու դեպքում հավանականությունը մեծ է, որ 4-րդ տեղի համար պայքարը կսրվի։ Նույնը հասկանում է նաև Ժոզե Մոուրինիոն, քանի որ «Չելսիի» խաղը սկսել է երերալ և երեք թիմ քիչ-քիչ սկսում են նստել նրանց շնչին։
Կանխատեսում՝ ոչ-ոքի
Վերջին խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» վերգտել է իր խաղն, նույնիսկ հյուրընկալվելիս հաղթում է «Մանչեսթեր Սիթիին»։ Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ «կարմիր սատանաները» «Տոտնհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում առավելագույն միավորները կհավաքեն։ «Էվերտոնն» էլ Մարկո Սիլվային հեռացնելուց հետո, գլխավոր մարզիչ նշանակեց իր նախկին ֆուտբոլիստներից Դանկան Ֆերգյուսոնին, ում գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը դեբյուտային խաղում անակնկալ հաղթանակ «Չելսիի» նկատմամբ։ «Յունայթեդին» հեշտ հանդիպում չի սպասվում, սակայն «կարմիր սատանաները» ներկա պահին ավելի լավ հոգեբանական վիճակում են գտնվում։
Կանխատեսում՝ «Յունայթեդի» հաղթանակ
«Մանչեսթեր Սիթին» վերջին 5 հանդիպումներում «Արսենալի» դեմ խաղերում տարել է նույնքան հաղթանակ։ Սակայն, «Սիթին» վերջերս որոշ չափով կորցրել է այն անպարտելի թիմի համբավը, որից բոլորը վախենում էին։ Նախորդ տուրում «Արսենալը» երկու ամսվա դադարից հետո վերջապես հաղթեց և այժմ պիտի փորձի մոտենալ եվրագավաթային գոտուն։ Տպավորություն է, թե «Սիթին» այսքան միավորների կորստից հետո դժվար թե կարողանա հասնել «Լիվերպուլին» և կկենտորնանա Չեմպիոնների լիգայի վրա, սակայն ՉԼ-ն գնաց ընդմիջման և այժմ պետք է փորձել հետ բերել կորցրածը։ Ակնհայտ է, որ «Արսենալը» շտապ պետք է լուծի գլխավոր մարզչի խնդիրը, քանի որ Ֆրեդերիկ Յունգբերգը չի կարողանում տալ այն իմպուլսը, որը նոր ազդակ կդառնա հաղթանակների համար։
Կանխատեսում՝ «Սիթիի» հաղթանակ
Լա լիգա
«Ռեալ Սոսիեդադ» – «Բարսելոնա» 14․12, 19։00, «Կենտրոն» ՀԸ
«Սևիլիա» – «Վիլյառեալ», 15․12, 21։30
«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» 15․12, 23։55, «Կենտրոն» ՀԸ
«Բարսելոնան» այս տուրում հանդիպում ունի մի մարզադաշում, որտեղ տարիներ շարունակ տառապել է։ Նույնիսկ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կատալոնացիներն ավելի հաճախ են հաղթում, քան «Անոետայում»։ Բասկյան ակումբը գիտի ինչպես անել, որ «կապտանռնագույնները» գլխիկոր հեռանան։ Շատ են եղել դեպքերը, երբ կատալոնացիները առջվում են եղել 2 գնդակի տարբերությամբ, սակայն ոչ միայն ձեռքից բաց են թողել առավելությունը, այլև պարտվել են։ Իսկ ներկա պահին Իմանոլ Ալգուլասիլն իսկական մարտիկների կուռ համակարգ է ստացել։ Միկել Օյարսաբալ, Քրիստիան Պորտու, Մարտին Էդեգոր, Վիլիան Ժոզե քառյակն ի զորու է տխրեցնել ցանկացած մրցակցի։ Այս ամենի հետ մեկտեղ «Բարսան» կամաց-կամաց մոտենում է մարզավիճակի այն կետին, որ ցանկացած մրցակցի կարող է հաղթել ցանկացած մարզադաշտում, սրան գումարած հայտացուցակ են վերադարձել Ժորդի Ալբան և Նելսոն Սեմեդոն, ինչը Էռնեստո Վալվերդեին թույլ կտա պաշտպանության եզրերում ունենալ բազմազանություն։ Թիմի գրեթե բոլոր առաջատարներն էլ հանգստացել են չորեքշաբթի օրը կայացած «Ինտերի» դեմ հանդիպման ընթացքում։ Սակայն, միևնույնն է, ամեն ինչ կախված կլինի Լեո Մեսսիի տրամադրությունից։
Կանխատեսում՝ «Բարսելոնայի» հաղթանակ
Խուլիեն Լոպետեգին «Սևիլիայի» հետ լուրջ աշխատանք է տարել։ Նախ թիմը բավականին մոտիվացված ֆուտբոլ է ցուցադրում, կռվում են մինչև վերջ։ Երկրորդ՝ թիմը սովորել է խաղալ արդյունքի վրա։ Այդ ամենի շնորհիվ անդալուզական թիմը վերջին 8 խաղերում անպարտելի է Պրեմիերայի շրջանակում և վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Իսկ «Վիլյառեալը» թաղված է խնդիրների մեջ։ Ունենալով Մարիո Գասպարի, Սանտի Կասորլայի, Սամուել Չուկուվեզեի, Կառլոս Բակկայի, Խերարդ Մորենոյի, Տոկո Էկամբիի պես ֆուտբոլիստներ՝ վալենսիական ակումը վերջին 6 խաղերում չունի և ոչ մի հաղթանակ և դժվար է պատկերացնել, որ այս հանդիպման ընթացքում նրանք կկոտրեն սառույցը։
Կանխատեսում՝ «Սևիլիայի» հաղթնակ
Տուրի կենտրոնական հադնիպումը կկայանա «Վալենսիայի» «Մեստալիա» մարզադաշտում, որտեղ «Վալենսիան» կընդունի առաջնության առաջատարներից «Ռեալ Մադրիդին»։ Երեքշաբթի օրը վալենսիական ակումբը հերոսաբար հաղթեց «Այաքսին»՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Դժվար էր պատկերացնել, որ «Վալենսիան» գլխավոր մարզիչ Մարսելինոյի հեռանալուց հետո կարող է երկու անգամ չպարտվել «Չելսիին», հյուրընկալվելիս էլ հաղթել «Այաքսին»։ Սա ապացույցն է այն բանի, որ Ալբերտ Սելադեսի սաները ոչ միայն հիանալի մարզավիճակում են, այլև հիանալի թիմ են։ Մի փոքր էլ ստաբիլություն և «Վալենսիան» կհայտնվի Չեմպիոնների լիգայի գոտում։ «Արքայական» ակումբի համար բարդ հանդիպում է սպասվում, հատկապես հաշվի առնելով, որ վալենսիական ակումբը Լա լիգայի շրջանակում սեփական հարկի տակ չունի ոչ մի պարտություն։ Սակայն, հանդիպման ֆավորիտը միանշանակ «Ռեալն» է։ Զիդանը շատ առաջատարների «Բրյուգեի» դեմ խաղում հնարավորություն տվեց կարևոր խաղերից առաջ, իսկ «Վալենսիան» շատ մեծ ուժեր ծախսեց «Այաքսի» դեմ խաղում։ «Վալենսիայի» կարգի թիմերի համար չափազանց դժվար է երկու նմանատիպ հանդիպում անցկացնել + «սերուցքայինները» կարգավորել են իրենց խաղային խնդիրները։ Միակ խնդիրը, որը ներկա պահին տանջում է Զիզուին ձախ պաշտպանի դիրքն է․ Մարսելոն վնասվածք ունի, Ֆերլան Մենդին որակազրկված է։
Կանխատեսում՝ «Ռեալի» հաղթանակ
Ա Սերիա
«Ֆիորենտինա» – «Ինտեր» 15․12, 23։45
«Կալյարի» – «Լացիո» 16․12, 23։45
Վինչենցո Մոնտելայի սաները ներկա պահին ունեն ամենավատ ցուցանիշը Ա սերիայի շրջանակում։ «Մանուշակները» վերջին 4 խաղերում կրել են նույնքան պարտություն։ Եկավ մի պահ «Ֆիորենտինան» սկսեց կանոնավոր միավորներ վաստակել, և թվում էր՝ նրանց մոտ խաղային խնդիրները կարգավորվել են, սակայն վնասվածքներն ու որակազրկումները կրկին սկսեցին իրենցն ասել։ Առաջնության առաջատար «Ինտերը» Չեմպիոնների լիգայից անակնկալ կերպով դուրս մնաց՝ չկարողանալով հաղթել նույնիսկ «Բարսելոնայի» երկրորդ կազմին։ Անտոնիո Կոնտեն լուրջ աշխատանք ունի թիմի հետ, հատկապես մոտիվացնելու առումով, քանի որ դժվարր է պատկերացնել, որ ներկա պահին միլանյան ակումբը հոգեբանական առումով գտվնի լավ վիճակում, իսկ «Ֆիորենտինան» բավականին հարմար մրցակից է նախկին վստահությունը վերականգնելու համար։
Կանխատեսում՝ «Ինտերի» հաղթանակ
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակում հաճելիորեն զարմացնող «Կալյարին» և «Լացիոն» այս տուրի վերջին խաղում կմրցեն միմյանց դեմ։ Եթե «Լացիոյի» խաղն այդքան էլ անակնկալ չէ, ապա «Կալյարին» նոր մակարդակի վրա դուրս է եկել միայն այս մրցաշրջանում։ Ու ակնհայտ է, որ իտալական ֆուտբոլը տարեց տարի քայլեր է կատարում նախկին մակարդակին վերադառնալու համար։ Եթե մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ «Յուվե», «Նապոլի», «Ռոմա» եռյակին այլ թիմեր նույնպես կմոտենան, ապա արդեն 2-3 մրցաշրջան է տվյալ պահին որոշ միջակ թիմեր սկսում են նոր մակարդակի դուրս գալ․ «Ատալանտա», «Լացիո», այս մրցաշրջանում էլ «Կալյարին», դե «Ինտերի» մասին չենք խոսում։ Երկու թիմերն էլ երկար ժամանակ է ներքին առաջնությունում չեն պարտվում․ «Լացիոն» նախորդ տուրում 3։1 հաշվով հաղթելով «Յուվեին»՝ անպարտելի խաղերի շարքը հասցրեց 10-ի։ «Կալյարին» նախորդ շաբաթ քիչ էր մնում ընդհատեր իր անպարտելի խաղերի տպավորիչ շարքը։ Սիցիլիան ակումբը «Սասուոլոյի» դեմ խաղում պարտվում էր 2։0 հաշվով, սակայն կարողացավ կամային որակներ դրևորել և փրկել հանդիպումը։ Որքան էլ դժվար է պատկերացնել, բայց «Կալյարին» մեկնարկային երկու տուրերում պարտվելուց հետո, հաջորդ 13 հանդիպումներում չի կրել ոչ մի պարտություն։ Ակնկալվում է տեսնել բավականին գոլառատ խաղ, քանի որ «Կալյարիի» կազմում են հանդես գալիս առաջնության լավագույն ռմբարկուներից Ժոաո Պեդրոն (10 գոլ), հեռահար հարվածների վարպես Ռաջա Նայնգոլանը, ինչպես նաև միշտ իրենից վտանգ ներկայացնող Ջիովանի Սիմեոնեն, ով լեգենդար Դիեգո Սիմեոնեի որդին է, իսկ «Լացիոյի» կազմում՝ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն (16 գոլ) և լավագույն ասիստենտ Լուիս Ալբերտոն (11 ասիստ)։
Կանխատեսում՝ գոլառատ հանդիպում
Բունդեսլիգա
«Մայնց» – «Բորուսիա Դորտունդ» 14․12, 18։30
«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա Մյունխենգլադբախ» 15․12, 18։30
Լուսիեն Ֆավրի սաները կարծես թե քիչ-քիչ կարգավորեցին խաղային խնդիրները, քանի որ սկսեցին իրենց նախկին խաղը ցույց տալ Ջեյդոն Սանչոն ու Մարկո Ռոյսը, իսկ Տորգան Ազարը լիարժեք հարմարվել է շվեյցարացի մասնագետի խաղային մոդելին։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանն այնքան խառն է, որ ամեն տուր կարող է ցանկացած բան պատահել, սակայն «Բորուսիան» իր կազմով ի զորու է մինչև վերջ պայքարել բաղձալի «արծաթե սկուտեղի» համար։ Դորտունդյան ակումբը ամենակարևոր պահին չերերաց և նույնիսկ դժվարին խմբից դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Նախքան ձմեռային դադարը մնացել է անցկացնել ընդամենը 3 տուր և ճիշտ ժամանակն է տարին հիանալի նոտայով ավարտելու համար։
Կանխատեսում՝ «Բորուսիայի» հաղթանակ
Բունդեսլիգայի բացահայտում դարձած Մյունխենգլադբախի «Բորուսիան» իր կազմով միանշանակ թույլ է «Բավարիայից», «Բորուսիա Դորտմունդից», «Լայպցիգից», նույնիսկ «Բայերից»։ Այս թիմի գրանցած արդյունքները ապացույցն են այն բանի, թե ինչ է նշանակում ունենալ տաղանդավոր և խելացի մարզիչ։ Մարկո Ռոզեն Եվրոպայի այն քիչ մասնագետներից է, որ խաղի հենց ընթացքում կարողանում է ճիշտ ցուցումների, տակտիկական ճիշտ որոշումների և ճիշտ փոփոխությունների շնորհիվ խաղերի ելք փոխել։ Նախորդ տուրում «Բավարիայի» նկատմամբ տարած կամային հաղթանակը հենց Ռոզեի տակտիկական գլուխգործոցն էր։ Հինգշաբթի օրը մյունխենգլադբախյան ակումբը տարօրինակ կերպով դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից, սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ «Բորուսիան» այժմ շաբաթվա ընթացքում ավելորդ հանդիպում չի ունենա անցկացնելու և լիարժեք կկենտրոնանա ներքին առաջնության վրա։ Եկեք լինենք անկեղծ՝ ոչ ոքի հետաքրքիր չէ, երբ առաջնությունը տարեց տարի հաղթում է միայն մեկ թիմ, բազմազանություն է պետք։ Այդ պատճառով արժե այս թիմին շատ ուշադրություն դարձնել։ Եթե նախքան ձմեռային դադարը Մարկո Ռոզեի սաներին հաջողվի պահպանել առաջատարի դերը, ապա դա չեմպիոնության լուրջ հայտ կլինի, ինչը նաև հոգեբանական առավելություն մյուս մրցակիցների նկատմամբ,պարզապես չպետք է էյֆորիայի մեջ ընկնել։
Կանխատեսում՝ «Բորուսիայի» հաղթանակ
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Լա-լիգա