Ի՞նչ կապ ուներ Պաբլո Էսկոբարը ֆուտբոլի հետ

Ի՞նչ կապ ուներ Պաբլո Էսկոբարը ֆուտբոլի հետ

22/05/2020 - 01:03

Պաբլո Էսկոբարը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին գյուղանտեսի և դպրոցի ուսուցչուհու ընտանիքում։ Էսկոբարի քրոջ խոսքերով՝ նրա առաջին կոշիկը եղել է ֆուտբոլային խաղակոշիկ։ Երիտասարդ տարիքում Պաբլոն գումար էր վաստակում գողությունների, սպանությունների և գումար շորթելու միջոցով, այնուհետև 28-ամյա Էսկոբարն իր երեք զինակիցների հետ Կոլումբիայի Մեդելին քաղաքում ստեղծեց նարկոբիզնես, որն էլ երկու տարի անց նրան դարձրեց աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Նարկոբիզնեսի շնորհիվ Էսկոբարն ամեն շաբաթ առձեռն ստանում էր մոտ 220 մլն դոլլար եկամուտ։ Նույնիսկ հայտնի լեգենդ կա այն մասին, որ նա իր փոքրիկին տաքացնելու համար հրամայել է այրել թղթադրամները։ Էսկոբարը միանշանակ 20-րդ դարի ամենանշանավոր անձանցից մեկն էր, ում մասին մինչև օրս էլ խոսվում և պատմվում են տարբեր պատմություններ, սակայն պարզվում է, որ նա սերտ կապեր է ունեցել նաև ֆուտբոլի հետ։

Պաբլո Էսկոբարը հեռու էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելուց, սակայն սիրում երբեմն-երբեմն գնդակ գլորել։ Նա հաճախ էր խաղում պրոֆեսիոնալների դեմ և հեշտությամբ ծանոթանում էր այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Չոնտո Էրերան, Ալեքսիս Գարսիան, Չիչո Սերնան, Լեոնել Ալվարեսը, Ռենե Հիգիտան և Պաչո Մատուրանան: Այս ֆուտբոլիցներից շատերը սկզբնական շրջանակում սկսել են հանդես գալ հենց այն խաղադաշտերում, որոնք կառուցվել էին հենց Էսկոբարի կողմից։

«Քաղաքային ենտնախորշերում տեղի էին ունենում մեծ առաջնություններ։ Մեծ շրջանները հաճախ մոռանում էին ճաշի և ընթրիքի մասին։ Խաղում էին առավոտից մինչև երեկո։ Ես ապրում էի աղքատության մեջ, սակայն խաղադաշտում մենք կարևոր էինք և ապրում էինք կատարյալ աշխարհում»,- հետագայում հիշել է Չոնտո Էրերան, ով ավելի քան 60 հանդիպում է անցկացրել Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։

Էրերային լրացնում է Ալեքսիս Գարսիան․ «Բոլորը խոսում էին այն մասին, թե ում փողերով է այդ ամենը կառուցվել, և նրան քննադատում էին այն բանի համար, որ նա թմրանյութերի առք ու վաճառքով էր զբաղվում, սակայն մենք մեզ երջանիկ էինք զգում, քանի նա մեզ հնարավորություն տվեց ֆուտբոլով զբաղվել»։

View this post on Instagram

Пабло Эскобар

A post shared by @ euro_scope on

Ֆուտբոլը ոչ միայն Էսկոբարի սիրելի մարզաձևն էր, այլև այն հիանալի հարթակ էր, որպեսզի նարկոբիզնեսի միջոցով վաստակած գումարները լեգիտիմացնի`դարձնելով դրանք օրինական։ Դրա միջոցով էլ առաջացավ «Մեդելինն առանց ետնախորշերի» ծրագիրը, որի շրջանակում կառուցվեցին բազմաթիվ ֆուտբոլային խաղադաշտեր և նոր թաղամասեր։ Չնայած Էսկոբարի «զբաղմունքին»՝ մինչ օրս էլ Կոլումբիայում Էսկոբարին շատերը համարում են որպես սուրբ։

Պաբլո Էսկոբարը նույնիսկ կարողացավ մտնել քաղաքականություն՝ 1982 թվականին ընտրվելով Կոնգրեսի պատգամավոր։ Էսկոբարի քաղաքական հաջողությունները բավականին կարճ տևեցին։ 1984 թվականին նրան հեռացրին Կոնգրեսից, քանի որ Կոլումբիայի արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիլիան զանգվածային արշավ էր սկսել Էսկոբարի «կեղտոտ» փողերի դեմ։ Այդ դեպքից ամիսներ անց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հյուսիսային շրջաններից մեկում Բոնիլիայի «Լիմուզինի» վրա հարձակում կատարվեց՝ սպանելով նրան։

Էսկոբարը քաղաքական դաշտից տեղափոխվեց ֆուտբոլային իրականություն։ Կոլումբական գրեթե բոլոր ակումբները թմրանյութերի վաճառքից ստացված գումարներից կախվածություն ձեռք բերեցին։

Էսկոբարի գործընկեր Խոսե Գաչան, որն ավելի հայտնի է «Մեքսիկացի» մականունով, գումար էր ներդնում Բոգոտան ներկայցնող «Միլիոնարիոս» ակումբում, իսկ Էսկոբարի հին թշնամի Հիրբերտո Օրհուելան՝ Կալին ներկայացնող «Ամերիկայում»։

Էսկոբարի սիրելի ակումբը եղել է Մեդելինը ներկայացնող «Ինդեպենդիենտեն»։ Էսկոբարի որդին՝ Սեբաստիան Մարոկինը նույնիսկ քննադատության է ենթարկել հանրահայտ «Narcos» հեռուստասերիալի սցենարիստներին, քանի որ նրա հայրը սերիալում էկրաններին է հայտնվում տեղական մեկ այլ ակումբի՝ «Ատլետիկո Նասիոնալի» մարզաշապիկով։

«Եթե դուք չգիտեք, թե որ ակուբին էր երկրպագում հայրս, ապա ինչպե՞ս կարելի է ձեր պատմությանը հավատալ»,- նշել է Սեբաստիան Մարոկինը։

«Ինդեպենդիենտեի» հանդեպ Էսկոբարի սերը հաստատել է նաև նրա աջ ձեռքը՝ Ջոն Հայրո Վելասկեսը, սակայն սերիալում նա որոշ դրվագներում երեևում է հենց «Ատլետիկո Նասիոնալի» մարզաշապիկով։

Սակայն, փաստերն էլ ցույց են տվել, որ Էսկոբարի համար սկզբունքային տարբերություն չի եղել «Ինդեպենդիենտեի» և «Ատլետիկո Նասիոնալի» միջև։ Երբ Էսկոբարը լրջորեն ներքաշվեց ֆուտբոլում, նրա համար կար գլխավոր մեկ ցանկություն և նպատակ․ Մեդելինը պետք է գերազանցի Կալիին։ Էսկոբարի համար ֆուտբոլը դարձել էր իր իշխանությունն ու ուժը ցուցադրելու հիանալի հարթակ։

Կոլումբիայի արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիլիան 1983 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ երկրի գրեթե բոլոր մեծ ակումբները՝ «Ատլետիկո Նասիոնալը», «Միլիոնարիոսը», «Սանտա-Ֆե»-ն, «Ինդեպենդիենտե Մեդելինը» «Ամերիկան», կապված են նարկոբիզնեսի հետ։

Էսկոբարի երազանքներից մեկն էր, որ ներքին առաջնության ակումբներից մեկում հանդես գան համաշխարհային աստղեր և նույնիսկ մեծ ներդրումները չհանգեցրին դրան, և «Նասիոնալը» 1980-ականն թվականներին փոխեց զարգացման վետկորը։ 80-ականների կեսերին ակումբի կազմում սկսեցին հանդես գալ Կոլումբիայի հավաքականի ապագա լեգենդները՝ դարպասապահ Ռենե Հիգիտան, պաշտպան Լուիս Պերեան, կիսապաշտպան Լեոնել Ալվարեսը, իսկ ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչը 38-ամյա անփորձ մասնագետ Ֆրանսիսկո Մատուրանան էր։

Չնայած տաղանդավոր ֆուտբոլիստների ի հայտ գալուն՝ 1980-ականների կեսերին Լատինական Ամերիկայում և Կոլումբիայում տոն տվող ակումբներից մեկը Կալին ներկայացնող «Ամերիկան» էր, որն, ինչպես արդեն նշեցինք, ֆինասնավորում էր Էսկոբարի հիմնական թշնամիներից մեկը՝ Հիրբերտո Օրհուելան։ 1985-1987 թթ․ «Ամերիկան» երեք անգամ դուրս եկավ լատինաամերիկյան Չեմպոինների լիգայի՝ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ։ Ճիշտ է՝ ակումբը երեք անգամ էլ պարտություն կրեց, սակայն դա լուրջ հարված էր «Նասիոնալի» և ընդհանրապես Պաբլո Էսկոբարի համար։

1988 թվականին Էսկոբարն ամեն ինչ արեց, որպեսզի «Նասիոնալը» լուրջ հաջողություններ գրանցի ոչ միայն Կոլումբիայի շրջանակում, այլև ողջ Լատինական Ամերիկայի։ Եթե ներքին առաջնությունում «Նասիոնալը» միայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնությունը զիջեց «Միլիոնարիոսին», ապա Լիբերտադորեսի գավաթի այդ տարվա խաղարկությունը դարձավ հենց «Նասիոնալինը»։ Չնայած մինչ այժմ էլ անհայտ է, թե ինչպես են «դեղինները» հասել այդ հաջողությանը, և մինչև այժմ էլ չգիտենք, թե ինչի կամ ում շնորհիվ է եղել այդ հաջողությունը՝ տաղանդավոր խաղացողների՞, թե՞ Էսկոբարի, ով ազդում էր խաղերի ելքերի վրա, և եթե 1988 թվականի Լիբերտադորեսի գավաթի քառորդ եզրափակիչում «Միլիոնարիոսի» դեմ խաղում մրցավարական սխալները հնարավոր է համարել պատահականություն, ապա կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ տեղի ունեցած դեպքերը խիստ կասկածի տեղիք է տալիս, որ Էսկոբարի հովանու տակ գործող ակումբն արդար ճանապարհով է հասել այդ բարձրունքին։

Կիսաեզրափակիչում «Մեդելինը» մրցեց Ուրուգվայը ներկայացնող «Դանուբիո» ակումբի դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Պատասխան հանդիպման գլխավոր մրցավար էր նշանակվել արգենտինացի Կառլոս Էսպոզիտոն, ով մինչ կյանքի վերջ կհիշի բուն հանդիպումը և խաղից առաջ տեղի ունեցած դեպքերը։

Մրցավարն իր օգնականների՝ Աբել Նիեկոյի և Խուան Բավոյի հետ ընթրեց և գնաց քնելու։ Քնելուց առաջ նա հյուրանոցի աշխատակիցներին խնդրեց, որ ջուր բերեն իր սենյակ, քանի որ մրցավարական բրիգադին ավելի շուտ հրահանգվել էր ծորակից ջուր չխմել, սակայն մատուցողուհու փոխարեն մրցավարների սենյակ ներխուժեցին չորս զինված անձինք։ Այդ մարդիկ մրցավարի առջև դրեցին 200 հազար դոլլարով լի մի պայուսակ և ասացին, որ դա նվեր է, եթե «Ատլետիկո Նասիոնալը» հաղթի պատասխան խաղում։

«Այդ մահին մենք շատ վախեցած էինք, սակայն մենք հրաժարվեցինք՝ ասելով, որ մենք պատրաստվում ենք մեր աշխատանքը կատարել արդար կերպով։ Նրանք մեզ պատասխանեցին հետևյալ կերպ․ «Լավ, բայց ավելի լավ է, որ հաղթի «Ատլետիկոն»։ Ձեր կյանքը այստեղ ոչինչ չարժի»։ Զինված մարդիկ սկսեցին թալանել սենյակը և մենք մնացինք նաև առանց հեռախոսի։ Մենք այդես էլ չկարողացանք քնել։ Այդ դեպքից կես տարի առաջ ես թողել էի ծխելը, սակայն այդ գիշեր կրկին ծխեցի։

Մարզադաշտը լեփ-լեցուն էր։ Այնտեղ էր նաև Պաբլո Էսկոբարը, ով թաքնվել էր մարդկային ամբոխում։ Մենք նրան չտեսանք, սակայն գիտեինք, որ նա այնտեղ է։ Այդ մասին մեզ տեղյակ էր պահել ոստիկանապետը, ով մեզ պաշտպանում էր, իսկ 10 օր անց նրան վերացրին։

Անկեղծ կլինեմ՝ մեր բախտը բերեց, որ «Ատլետիկո Նասիոնալը» խոշոր հաշվով հաղթեց, սակայն մի հարցրեք, թե ինչպես դա հաջողվեց նրանց։ Չնայած՝ պետք է նշեմ նաև, որ «Ատլետիկոյի» հաջողության համար ոչ ոք չէր տվել ոչ մի երաշխիք։

Դեռ հանդիպման մեկնարկից առաջ ոստիկանապետը մեզ ասաց, որ մեզ չի հաջողվի լքել մարզադաշտը տոնախմբության պատճառով, և նա ճիշտ դուրս եկավ։ Այդ գիշեր բուռն տոնախմբությունների հետևանքով 11 հոգի մահացավ։ Մեդելինը սարսափելի քաղաք է։ Այդ գիշեր քաղաքում բոլորը թմրանյութի ազդեցության տակ էին»,- տասնամյակներ անց հիշել է «Ատլետիկո Նասիոնալ» – «Դանուբիո» հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս Էսպոզիտոն։

Օրեր անց Կառլոս Էսպոզիտոն իմացավ, որ մրցավարական սենյակ ներխուժած անձանցիք մեկը եղել է Պաբլո Էսկոբարի աջ ձեռքը Ջոն Հայրո Վելասկեսը, ում մասին արդեն հիշատակել ենք։ Վելասկեսը ավելի քան երկու հարյուր մարդու սպանություն է կազմակերպել, այդ թվում նաև Կոլումբիայի նախագահի թեկնածու Լուիս Կառլոս Գալանի սպանությունը։

Կառլոս Էսպոզիտո

Այդ խաղում «Ատլետիկո Նասիոնալը» 6։0 հաշվով հաղթեց «Դանուբիոյին», սակայն առաջին հայացքից որևէ մրցավարական օգնություն չի ստացել «Նասիոնալը», իսկ ահա «Դանուբիոյի» ֆուտբոլիստները վախենում էին նույնիսկ գնդակին դիպչեին, և մինչ օրս էլ պաշտոնապես ապացուցված չէ, որ այդ հանդիպման արդյունքը եղել է նախօրոք պայմանավորված։

Եզրափակիչ խաղում «Ատլետիկո Նասիոնալը» մրցեց Պարագվայը ներկայցնող «Օլիմպիայի» դեմ։ Պարագավայում կայացած առաջին խաղում նույնիսկ Պաբլո Էսկոբարը չկարողացավ խառնվել։ Տանտերերը հաղթեցին 2։0 հաշվով՝ ստանալով լուրջ առավելություն։

Պատասխան խաղից առաջ Էսկոբարը մրցավար Խուան Կառլոս Լուստոյի մասին իմացել էր ամեն ինչ։ Նա գիտեր, թե կոնկրետ որտեղ է նա բնակվում Արգենտինայում, ինչ վայրեր է նա սիրում հաճախել, որտեղ են սովորում նրա երեխաները և այլն, սակայն այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, մասամբ թողնում է հավատալ, որ Էսկոբարը չի կարողացել ազդել խաղի ելքի վրա։

Պատասխան խաղը կայացավ Բոգոտայում, քանի որ Մեդելինում այդպիսի մեծամաշտաբ հանդիպում անցկացնելու համար չկային անվտանգության բոլոր երաշխիքները, բացի դրանից, Մեդելինի մարզադաշտը չէր համապատասխանում ԿՈՆՄԵԲՈԼ-ի չափանիշներին։ Այդ խաղում «Ատլետիկոյին» հաջողվեց հետ բերել երկու գնդակի տարբերությունը և հաղթել 11 մետրանոց հարվաշարի օգնությամբ, որը տևեց ոչ ավել, ոչ պակաս 18 հարված։ Հանդիպման հերոսներ դարձան հենակետային կիսապաշպան Լեոնել Ալվարեսը և դարպասապահ Ռենե Հիգիտան, ով խաղի ընթացքում դարձավ գոլի հեղինակ (Հիգիտան տուգանային հարվածների իսկական վարպետ էր), իսկ 11 մետրանոց հարվածաշրի ժամանակ հետ մղեց մրցակցի չորս հարվածները։

«Ես նրանց ասում էի, որ կանգ առնեն հարվածից առաջ, քանի որ մրցակցի դարպասապահը ցատկում էր չափազանց շուտ, բայց ոչ ոք չէր լսում ինձ բացի Լեոնել Ալվարեսից»,- նշել է «Ատլետիկո Նասինալի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ֆրանսիսկո Մատուրանան։ Լեոնել Ալվարեսն իրացրեց վճռորոշ 11 մետրանոց հարվածը՝ Կոլումբիային պարգևելով Լիբերտադորեսի առաջին գավաթը։

Սակայն, մրցավարներ Կառլոս Էսպոզիտոյի և Խուան Կառլոս Լուստոյի հետ կապված պատմությունները պարզապես փառք են մրցավար Ալվարո Օրտեգայի պատմության համեմատ։ Ալվարո Օրտեգան սպասարկում էր Կալին ներկայացնող «Ամերիկայի» և «Ինդեպենդիենտե Մեդելինի» միջև կայացած հանդիպումը, որի շրջանակում «Ամերիկան» հաղթեց 3։2 հաշվով։

Օրտեգան խաղից երկու րոպե առաջ վիճելի որոշում կայացրեց՝ չհաշվելով Մեդելինը ներկայացնող ակումբի գոլը, ինչի շնորհիվ հաշիվը կհավասարվեր։ Խաղից ժամեր անց, հյուրանոց տանող ճանապարհին Օրտեգային սպանեցին իր օգնական Խեսուս Դիասի աչքի առջև։ Էսկոբարի հանրահայտ աջ ձեռքը՝ Ջոն Հայրո Վելասկեսը հայտարարեց, որ մրցավարի սպանությունը կազմակերպել է հենց Պաբլո Էսկոբարը, քանի որ մրցավարի գործողությունները վիրավորական են եղել նրա համար։

Օրտեգայի սպանությունից հետո երկրի իշխանությունները դադարեցրին առաջնությունը, որն այդպես էլ մնաց անավարտ՝ չեղարկվելով։

Ալվարո Օրտեգա

Չնայած դադարեցված առաջնությանը՝ «Ատլետիկո Նասիոնալը» որպես Լիբերտադորեսի գավաթի գործող գավաթակիր իրավունք ստացավ մասնակցելու 1990 թվականի խաղարկությանը։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում «Նասիոնալը» պետք է մրցեր բրազիլական «Վասկո դա Գամայի» դեմ։ Պատասխան խաղից առաջ (դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0։0 հաշիվը), որը պետք է կայանար Մեդելինում, ուրուգվայցի մրցավար Խուան Կարդելինիոն դիմեց ԿՈՆԵՄԲՈԼ-ին, քանի որ մի շարք սպառնալիքներ էր ստացել։ Այդ դեպքից հետո Կոլումբիայի բոլոր մարզադաշտերը որոակազրկվեցին, իսկ խաղը հետաձգեին մեկ շաբաթով։ «Ատլետիկո Նասիոնալը» տնային հանդիպումը ստիպված եղավ անցկացնել Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում, որի շրջանակում, ի վերջո, հաղթեց 1։0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ դիմակայությունում «դեղինների» մրցակիցը կրկին Պարագավայը ներկայցնող «Օլիմպիան» էր։ Այդ դիմակայությունում նույնպես գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, սակայն այս անգամ Ռենե Հիգիտան բավարար քանակի սեյվերի հեղինակ չդարձավ, և «Օլիմպիան» շարունակեց պայքարը՝ հետագայում նվաճելով նաև բաղձալի գավաթը։

1991 թվականին «Ատլետիկո Նասիոնալը» տասը դարվա ընդմիջումից հետո դարձավ Կոլումբիայի չեմպիոն, սակայն այդ պահին Պաբլո Էսկոբարն արդեն ակումբի ղեկին չէր։ Այդ ժամանակ Էսկոբարը հայտնվել էր երկրի նորընտրիր նախագահ Սեսար Գավիրիայի հետապնդումների շրջանակում։ Ի վերջո՝ կողմերի միջև գործարք «ստորագրվեց»․ Էսկոբարը խոստովանեց մի շարք հանցագործություններ, իսկ դրա փոխարեն նրան «ներեցին» մյուս դեպքերը և տեղափոխեցին «Էլ կատեդրալ» բանտ, որը նարկոբարոնը հենց իր համար էլ «կառուցել» էր։

Բանտում նա ուներ այնպիսի հարմարություններ, ինչպես օրինակ, լողավազան, ջակուզի, շոգեբաղնիք և խոտբոլային խաղադաշտ, որտեղ հասցրել է խաղալ նաև ոչ ավել, ոչ պակաս Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ։ Միջնորդը հանդիպել էր ֆուտբոլային լեգենդի հետ և խնդրել էր նրան, որպեսզի ընկերական հանդիպման մասնակցի՝ նշելով, որ դա կազմակերպել է մի շատ կարևոր մարդ, ով Կոլումբիայից է։

«Բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ ինձ տարան բանտ։ Ես ասացի․ «Գրողը տանի, ի՞նչ է այստեղ կատարվում։ Ես ձերբակալվա՞ծ եմ»: Այդ վայրն ինձ ավելի շատ հիշեցնում էր խոշոր և շքեղ հյուրանոցի։ Ինձ ասացին․ «Դիեգո, սա Էլ Պարտոնն է (Էսկոբարի մականունը): Ես չէի կարդում թերթեր, չէի լսում լուրեր և գավափար անգամ չունեի, թե նա ով է։

Մենք հանդիպեցինք նրա սենյակում։ Նա ինձ ասաց, որ սիրում է իմ խաղը և նշեց, որ իրեն համեմատում է ինձ հետ, քանի որ ինչպես ես, այնպես էլ նա, վեր ենք բարձրացել աղքատությունից։

Մենք հանդիպում անցկացրինք, և բոլորը գոհ էին։ Ավելի ուշ մեզ ամենալավ աղջիկների հետ խնջույք էր սպասվում․․․ և այդ ամենը բանտում էր։ Ես չէի կարողանում այդ ամենին հավատալ։ Հաջորդ առավոտյան նա ինձ վճարեց և հրաժեշտ տվեց»,- տարիներ անց պատմել է Մարադոնան իր և Էսկոբարի տարօրինակ ծանոթության մասին։

Բանտում գտնվելու ժամանակ Էսկոբարին այցելեցին Կոլումբիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում նաև՝ Ռենե Հիգիտան, ով մինչ օրս էլ Էսկոբարին համարում է իր ընկերը, սակայն նարկոբարոնի հետ սերտ կապերը Հիգիտային զրկեցին 1994 թվականին ԱՄՆ-ում կայցած աշխարհի առաջնությունից։ Նրան բանտ նստացրին այդ ժամանակ։

Ռենե Հիգիտա

Էսկոբարը նույնիսկ բանտից կարողանում էր վերահսկել թմրանյութերի շուկան, իսկ երկրի իշխանությունների համբերության բաժակը լցվում էր, և որոշում էր կայացվել նրան տեղափոխվել իսկական բանտ, սակայն Էսկոբարին հաջողվեց փախչել։ Այդ իրավիճակում ֆուտբոլը մնացել էր Էսկոբարի միակ ուրախությունը։

«Ես լսում էի, թե ինչպես է ողջ զորքը մոտենում մեզ, և ես վախենում էի։ Պաբլոն թեքվելով իմ կողմը՝ ասաց․ «Դե խփի՛ր։ Կարծում եմ՝ նրանք մեզ բռնել են»։ Ես վերցրի M16-ը (հրացան), իսկ նա այդ պահին ասաց․ «Կոլումբիան գոլ խփեց»։ Ֆուտբոլը նրա երջանկությունն էր, նրա փրկությունը։ Ֆուտբոլի շնորհիվ նա տեղափոխվում էր յոթերորդ երկինք»,- հետագայում պատմել է Էսկոբարի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։

Էսկոբարն այդպես էլ չտեսավ Կոլումբիայի հավաքականի 1990-ական թվականների ամենամեծ հաջողությունը, երբ 1994 թվականին «դեղինները» հանդես եկան ԱՄՆ-ում կայցած աշխարհի առաջնությունում։ 1993 թվականի դեկտեմբերի 2-ին նա հատուկ օպերացիայի ժամանակ սպանվեց։ Մինչ օրս հայտնի չէ, թե ով է նրա վրա կրակել վերջինը՝ իրավապահ մարմիննե՞րը, թե՞ հենց ինքը՝ Էսկոբարը, որպեսզի պետական մարմինները չբռնեն նրան ողջ։

Narcos

Պաբլո Էսկոբարն անկախ ամեն ինչից, մեծ ազդեցություն է թողել կոլումբական ֆուտբոլի վրա, քանի որ 1980-ականների վերջերին և 1990-ական թթ սկզբներին Կոլումբիայի առաջնությունը բավականին հետաքրքրաշարժ և դինամիկ առաջնություն էր։ Այդ տարիներին բազմաթիվ աստղեր հետաքրքրված էին համալրել կոլումբական ակումբների շարքերը, իսկ մի շարք կոլումբացի ֆուտբոլիստներ տեղափոխվում էին եվրոպական ակումբներ։ Նրանցից ոմանք դարձել են նաև ֆուտբոլային լեգենդներ։

«Ատլետիկո Նասիոնալի» ամենահայտնի եռյակը՝ Ֆրանսիսկո Մատուրանա – Ռենե Հիգիտա – Լեոնել Ալվարես, կարճ ժամանակ միասին հանդես եկան իսպանական «Վալյադոլոիդի» կազմում։ Մատուրանան ակումբի գլխավոր մարզիչն էր, իսկ Հիգիտան և Ալվարեսը՝ ֆուտբոլիստները։ Ոչ ոքի հայտնի չէ, թե այդ եռյակի տեղափոխությունը պարզապես ձուգատիպությո՞ւն էր, թե՞ կազմակերպվել էր Էսկոբարի կողմից, որպեսզի նպաստի կոլումբական ֆուտբոլի զարգացմանը։

«Վալյադոլիդի» կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև կոլումբական ֆուտբոլի ևս մեկ լեգենդ՝ Կառլոս Վալդերաման։

Ֆրանսիսկո Մատուրանա, Կառլոս Վալդերամա, Ռենե Հիգիտա, Լեոնել Ալվարես

Մինչև օրս էլ Ֆրանսիկո Մատուրանային զայրացնում է այն փաստը, որ շատերը 1989 թվականին Լիբերտադորեսի գավաթի «Ատլետիկո Նասիոնալի» հաջողությունը կապում են Պաբլո Էսկոբարի հետ․

«Այն, որ Էսկոբարը «Նասիոնալի» ամենահավատարիմ երկրպագուներից մեկն էր, դա ամենամեծ սուտն է։ Նա երկրպագում էր «Ինդեպենդիենտեին»։ Ես նրան հանդիպել եմ մի քանի անգամ, երբ բնակվում էի Մեդելինում, ոչ ավելին»,- հետագայում պատմել է կոլումբացի մասնագետը։

Մատուրանային կարելի է հասկանալ, քանի որ նա իրոք ուներ հիանալի, տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց հետ շատ աշխատանք էր կատարել։ Հավանական է, որ նա չի փաբում, որ Էսկոբարի հետ հանդիպել է միայն պատահական, սակայն արգենտիացի մրցավար Կառլոս Էսպոզիտոյի պատմածները լրիվ հակառակն են ապացուցում։

«Ատլետիկո Նասիոնալը» Էսկոբարի մահից հետո սկսեց ավելի հաջող հանդես գալ։ Մեդելինը ներկայացնող ակումբը 1991 թվականից ի վեր արդեն 11 անգամ նվաճել է երկրի չեմպիոնական տիտղոսը, իսկ 2016 թվականին ակումբը կրկին նվաճեց Լիբերտադորեսի գավաթը, սակայն այս անգամ ակումբը խրված չէ որևէ նարկոպատմության մեջ, իսկ կոլումբական ֆուտբոլում ակնհայտ դրական տեղաշարժ է նկատվում․ վերջին երկու աշխարհի առաջնություններում Կոլումբիայի հավաքականը հասել է մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023