Վեյնալդումը բանավոր համաձայնություն է տվել իտալական գրանդին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը , ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է FC Inter 1908-ը, «Ինտերի» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտերի առաջարկով սկսել է հետաքրքրվել հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով։
«Ներաձուրիներին» ավելի է գրավում այն հանգամանքը, որ 30-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, և նրա հետ պայմանգիր կարող են կնքել անվճար, քանի որ լրանում է «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրը։
Բացի դրանից, Կոնտեն բարձր է գնահատում, հատկապես, Վեյնալդումի փորձը։
Sport Mediaset-ի ուղիղ եթերի ժամանակ լրագրողներ Կլաուդիո Ռայմոնդին և Սանդրո Սեբաստինին հայտնել էին, որ դեռևս նախորդ տարվա վերջում Վեյնալդումը բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբի ներկայացուցիչներին՝ համաձայնեցնելով անձնական պայմանագրի որոշ կետեր։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ խաղացողին ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնան»։ Գործարքը պետք է կայանար դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ։
Հիշեցնենք, որ Ժորժինիո Վեյնալդումը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը։ Այդ ժամանակ մերսիսայդյան ակումբը ֆուտբոլիստի դիմաց «Նյուքասլին» վճարեց 27․5 մլն եվրո և մինչ այժմ Վեյնալդումը «կարմիրների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 222 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորժինիո Վեյնալդում, Ինտեր, Լիվերպուլ, Նյուքասլ, տրանսֆերներ