Շաղոյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Լա լիգան ներկայացնող ակումբի կազմում

Շաղոյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Լա լիգան ներկայացնող ակումբի կազմում

02/04/2021 - 18:57

Հայաստանի հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանը, հնարավոր է, տեղափոխվի «Սևիլիա»։ Այդ մասին տեղեկանում ենք Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի Telegram-ի ալիքից։

«Ըստ իմ տեղեկությունների՝ Հայաստանի հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։

Անդալուսական ակումբը վաղուց մտերմիկ հարաբերություններ ունի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը, Կապառոսի գլխավորությամբ, հիանալի ուսումնասիրել է 19-ամյա կիսապաշտպանին։ Բացառված չէ, որ Շաղոյանի թեկնածությունը «Սևիլիային» առաջարկել է հենց Կապառոսը։

Հավանականություն կա, որ արդեն հաջորդ ամռանը Շաղոյանը կտեղափոխվի «Սևիլիա»։ Նշվում է, որ Կապառոսը հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Սևիլիայի» ներկայիս սպորտային տնօերն Ռամոն Մոնչիի հետ»,- գրել է Արարատ Մամբրեյանը։

Հավելենք, որ Ժիրայր Շաղոյանը սույն թվականի ապրիլի 10-ին կդառնա 20 տարեկան։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», սակայն 2019 թվականից վարձավճարով հանդես է գալիս ԲԿՄԱ-ի կազմում։

Շաղոյնն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղերից առաջ առաջին անգամ հրավեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականից, որի կազմում նա իր նորամուտը նշեց Իսլանդիայի դեմ խաղում (2։0)՝ փոխարինման մտնելով 81-րդ րոպեին։ Ռումինիայի դեմ խաղին (3:2) Շաղոյանը նույնպես փոխարինման մտավ, սակայն այս անգամ դաշտում անցկացրեց արդեն ողջ երկրորդ խաղակեսը։

19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք նաև, որ Խոակին Կապառոսը «Սևիլիայում» աշխատելու հարուստ փորձ ունի։ Կապառոսը 2000-2005 թթ․, 2018 ապրիլի 29-ից հունիսի 30-ը, ինչպես նաև 2019-ի մարտի 15-ից հունիսի 30-ը եղել է «կարմրասպիտակների» գլխավոր մարզիչը, իսկ 2018 թ․ հուլիսի 1-ից մինչ 2019 թ․ մարտի 14-ը՝ սպորտային տնօրենը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023