Թրիլլեր Սանկտ Պետերբուրգում! Շվեդիան հաղեց E խմբում 🎥
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Լեհաստանի ընտրանու դեմ։
Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին շվեդները, ովքեր արդեն 2-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգի ջանքերով բացեցին խաղի հաշվը։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում Լեհաստանի հավաքականն ուներ առավելություն և 18-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Ռոբերտ Լևանդովսկին, սակայն 32-ամյա գոլահարի հարվածից հետո շվեդներին փրկեց դարպասաձողը։
Ճիշտ է, խաղակեսի ավարտին էլ Պաուլու Սոուզայի սաներն էին տիրում նախաձեռնությանը, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։
Ի վերջո, առաջին կեսում այլ գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին Շվեդիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը գրեթե նույնն էր. լեհերն ակտիվություն էին դրսևորում, իսկ «տրե կունուրը» վստահ պաշտպանվում էր։
52-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Գժեգոժ Կրիխովյակը, սակայն վերջինիս հարվածից հետո Շվեդիային փրկեց դարպասպահ Ռոբին Օլսենը։
Գրոհեցին լեհերը, սակայն աչքի ընկան «դեղինները»։ 60-րդ րոպեին Յենե Անդերսոնի սաները նետվեցին կտրուկ հակագրոհի. Դեյան Կուլուսևսկին հարձակման աջ եզրով հիանալի անցում կատարեց և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում հարվածային դիրք դուրս բերեց Էմիլ Ֆորսբերգին, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով գրավեց Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարրպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Շվեդիայի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաջորդ իսկ գրոհին Ռոբերտ Լևանդովսկին մեկ գնդակ հետ բերեց իր թիմի համար` դառնալով գերազանց գոլի հեղինակ։
Լեհաստանի հավաքականը խփած գնդակից հետո զգաց խաղն ու սկսեց ավելի լավ խաղալ և 65-րդ րոպեին խփեց նաև երկրորդ պատասխանը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, Յակուբ Շվերկոչի գոլը չարձանագրեց։
Ամեն դեպքում, լեհերն 84-րդ րոպեին հասան իրենց նպատակին` հավսարեցնելով հաշիվը. գոլը կրկին իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին։
Սակայն, այս խաղում վերջին խոսքը շվեդներինն էր։
Երբ թվում էր, խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով և Շվեդիայի հավաքականը E խմբից 1/8 եզրափակիչ է դուրս գալու 2-րդ տեղով, 90+4-րդ րոպեին հերթական անգամ փայլեց Դեյան Կուլուսևսկին, ով իր խաբքերի շնորհիվ ապակողմնորոշեց Յան Բեդնարեկին ու գերազանց փոխանցումով հարվածային դիրք դուրս հերեց Վիկտոր Կլասոնին, վերջինս էլ մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 3:2` դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, Շվեդիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Լեհաստանին, E խմբի շրջանակում վաստակեց 7 միավոր և 1-ին տեղով նվաճեց մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։
Իսպանիան այս խմբում, 5 միավորով, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և նույնպես 1/8 եզրափակչում է։
Սլովակիան 3 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, սակայն լքեց պայքարը, իսկ այս խումբը, վաստակած 1 միավորով, եզրափակեց Լեհաստանի հաբաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Կուլուսևսկի, ԵՎՐՈ-2020, Էմիլ Ֆորսբերգ, Լեհաստանի հավաքական, Յենե Անդրեսոն, Շվեդիայի ազգային հավաքական, Պաուլու Սոուզա, Ռոբերտ-Լևանդովսկի, Վիկտոր Կլաեսոն