Թրիլլեր «Ռամոն Սանչես Պիսխուանում». Սևիլիան գոլառատ խաղում հաղթեց Գրանադային🎥
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հավասար պայքարում, սակայն 23-րդ րոպեին Դարվին Մաչիսը հեռահար հիանալի հարվածով առաջ մղեց «Գրանադային»։
Հյուրերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 32-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Դիեգո Կառլոսը հավասարեցրեց հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը «Սևիլիան» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Լուկաս Օկամպոսը վրիպեց նպաստավոր դիրքից։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից Խուլիեն Լոպետեգիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու փորձում էր առաջ անցնել հաշվի մեջ, ինչն էլ 66-րդ րոպեին, ի վերջո, տվեց իր արդյունքը, քանի որ Լուկաս Օկամպոսը հաշիվը դարձրեց 2:1։
Խփած երկրորդ գոլից հետո էլ խաղն ընթանում էր տանտերերի թելադրանքով, ովքեր 76-րդ րոպեին խփեցին երրորդ գոլը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Միգել Օրտիսը կանոնների խախտման պատճառով չարձանագրեց Ռաֆա Միրի խփած գոլը։
Խաղավերջում «Գրանադան» սկսեց մեծ ճնշում գործադրել Յասին Բունուի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
86-րդ րոպեին հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Միրտո Ուզունին, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, «Գրանադայի» ֆուտբոլիստներին հաջողվեց խփել պատասխան գնդակը. 88-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Դիաշը։
Թվում էր` վերջ, «Գրանադային» հաջողվեց փրկել հանդիպումը, որը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Սևիլիայի» ֆուտբոլիստները, ովքեր նախքան մրցավարի եզրափակիչ սուլիչը կարողացան երկու գնդակ ուղարկել Լուիշ Մաշումիանիաուի պաշտպանած դարպասը. 90+3-րդ ու 90+10-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռաֆա Միրն ու Ալեխանդրո Պապու Գոմեսը։
Այսպիսով, թրիլլերային սցենարով ընթացած խաղում «Սևիլիան» հաղթեց 4:2 հաշվով, վաստակեց, 60 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Գրանադան», 29 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Գրանադա, Դարվին Մաչիս, Լա-լիգա, Լուկաս Օկամպոս, Խուլիեն Լոպետեգի, Ռաֆա Միր, Սևիլիա, Վիկտոր Դիաշ