Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն ու Խետաֆեն գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ արդեն 38-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։
Ստեֆան Սավիչը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Նույնիսկ դաշտում ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս` Դիեգո Սիմեոնեի թիմը նախքան ընդմիջում բացեց հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 53-րդ րոպեին, «Խետաֆեն» Բորխա Մայորալի ջանքերով խփեց պատասխան գոլը։
«Ատլետիկոն» շատ արագ կրկին հաշվի մեջ առաջ անցավ. 63-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան։
69-րդ րոպեին էլ Գրիզմանը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց արդեն 3:1։
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը մադրիդկյան ակումբի կազմում պաշտոնական խաղերում խփեց 173-րդ գոլը և հավասարվեց «հնդկացիների» պատմության լավագույն ռմբարկու Լուիս Արագոնեսին։
Թվում էր` տանտերերը բաց չեն թողի երկու գնդակի առավելությունը, սակայն այդ սցենարի հետ հավասար չէին «Խետաֆեի» ֆուտբոլիստները, ովքեր երկրորդ խաղակեսի ողջ ընթացքում ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն։
Հյուրերի կազմից Օսկար Ռոդրիգեսը 87-րդ րոպեին նախ կրճատեց հաշիվը, ապա 90+3-րդ րոպեին Բորխա Մայորալը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, նույնպես դարձավ դուբլի հեղինակ և թրիլլերային ոչ-ոքի պարգևեց «Խետաֆեին»։
Մայորալը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 12 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 2-րդ հորիզոնական։
26-ամյա հարձակվողը զիջում է միայն «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ով խփել է 13 գոլ։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, ինչից հետո «Ատլետիկոն» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Խետաֆեն», 26 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բորխա Մայորալ, Դիեգո Սիմեոնե, Լա-լիգա, Խետաֆե, Ստեֆան Սավիչ, Օսկար Ռոդրիգես