Թրիլլեր Էր Ռիյադում. Բարսելոնան 11-մետրանոցներով հաղթեց Բետիսին` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ🎥

Թրիլլեր Էր Ռիյադում. Բարսելոնան 11-մետրանոցներով հաղթեց Բետիսին` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ🎥

13/01/2023 - 01:52

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Բարսելոնան»։

Ինչպես և սպասվում էր, առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին «բլաուգրանայի» ֆուտբոլիստներն, ովքեր էլ արդեն 23-րդ րոպեին Պեդրիի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, սակայն Կարլոս Դել Սերո Գրանդեն խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց դարպասի գրավումը։

32-րդ րոպեին էլ անդալուսական ակումբը պատասխանեց իր գոլային դրվագով, սակայն Գերման Պեցիելայի հարվածից հետո «կապտանռնագույններին» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

Ամեն դեպքում, Խավիի թիմը նախքան ընդմիջում առաջ անցավ հաշվի մեջ. 40-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։

Երկրորդ կեսի մեծ մասում «վարունգներն» ունեին խաղային շոշափելի առավելություն և տևական ժամանակ ճնշում էին մրցակցին, ինչի արդյունքում էլ 77-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը. խառնաշփոթ իրավիճակում «Բետիսի» 22-ամյա կիսապաշտպան Լուիս Էնրիկեն գնդակը փոխանցեց Նաբիլ Ֆեկիրին, ով էլ հավասարեցրեց հաշիվը։

«Բետիսի» ուրախությունը կարճ տևեց, քանի որ 81-րդ րոպեին Լևանդովսկին կրկին առաջ մղեց «Բարսելոնային», սակայն այս խաղում երկրորդ անգամ VAR համակարգը չեղարկեց «բլաուգրանայի» գոլը։

90+2-րդ րոպեին էլ աչքի ընկնելու հիասքանչ հնարավորություն ուներ Անսու Ֆաթին, սակայն նրա հարվածից հետո անդալուսական ակումբին փրկեց դարպասապահ Կլաուդիո Բրավոն։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Նոր-նոր էր մեկնարկել լրացուցիչ առաջին կեսը, երբ 93-րդ րոպեին Մարկոս Ալոնսոյի իրացրած տուգանային հարվածից հետո «կապտանռնագույնների» երկրորդ տեմպ ստացած գրոհը շեշտակի հարվածով եզրափակեց Ֆաթին` առաջ մղելով «Բարսային»։

Թվում էր` բաց թողած գոլը կկոտրի Մանուել Պելեգրինիի սաներին, սակայն վերջիններս 101-րդ րոպեին այս խաղում երկրորդ անգամ հավասարեցրին հաշիվը. կրկին դրվագի հերոս դարձավ Լուիս Էնրիկեն, ով գնդակը փոխանցեց Լորեն Մորոնին, վերջինս էլ այն կրնկի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասն ու լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսն էլ կարելի է հիշատակել միայն, որ «Բետիսի» կիսապաշտպան Անդրես Գուարդադոն երկու անգամ դեղին քարտ ստացավ և հեռացվեց դաշտից։

Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ։

Այսպիսով, մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 15-ին, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023